Ըստ դատախազի՝ Քոչարյանի կողմից Մարտի 1-ի գործով ապօրինի ներգործության փաստեր չկան, բայց չեն բացառվում |hetq.am|

hetq.am: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը համոզված է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի, և դա ինքնանպատակ չէ:

Դատախազը շեշտեց Քոչարյանի՝ նախկինում բարձր պաշտոն զբաղեցնելու հանգամանքը՝ նշելով, որ Եվրոպական դատարանի բազմաթիվ ակտերով արձանագրված է, որ բարձր պաշտոն զբաղեցնելու պայմաններում ապօրինի ներգործության ռիսկը մեծ է:

Հարցին՝ արդյոք առկա են տվյալներ, որ ազատության մեջ մնալով՝ Քոչարյանը խոչընդոտել է գործի քննությանը, Դավթյանը պատասխանեց, որ կոնկրետ փաստ չունեն, որ ֆիքսվել է ապօրինի ներգործություն.

«Մենք չենք խոսում եղած փաստի մասին: Ե՛ւ քրեադատավարական օրենքը, և՛ մեր նախադեպային իրավունքը, և՛ եվրոպական նախադեպային իրավունքը ապագային միտված իրավիճակների ռիսկերի մասին է խոսում: Ասում է՝ կա հավանականություն, որ կխոչընդոտի, կթաքնվի: Հասկանում ե՞ք, այսինքն, գործող փաստի մասին չի խոսում»,- նշեց Արթուր Դավթյանը:


x