560 միլիոն դրամ՝ երկրաշարժից անօթևան մնացածների բնակարանային խնդիրների լուծմանը. նոր նախագիծ |hetq.am|

hetq.am: Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է պետական բյուջեից 560 միլիոն դրամ հատկացնել Սպիտակի ավերիչ երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը։

Ըստ կոմիտեի՝ սա 60 ընտանիքի կապահովի բնակարանով, ինչպես նաև կվերացնի կառուցված 31 բնակելի տների թերությունները։

Նման նախագիծ է քննարկման ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Քաղաքաշինության կոմիտեն առաջարկում է 560 միլիոն դրամից 458 միլիոն դրամ տրամադրել Լոռու, 69 միլիոն դրամ՝ Շիրակի և 32 միլիոն դրամ՝ Արագածոտնի մարզերին։

Ըստ նախագծի՝ Լոռու մարզին հատկացվող գումարից 344 միլիոն դրամով կավարտվի գյուղական բնակավայրերում կիսակառույց 24 բնակելի տների շինարա­րու­թյունը, 51 միլիոն դրամով վերջնական տեսքի կբերվի տնամեձ հողամասերի վրա կառուցված բնակելի տների աշխատանքները։

Բացի այդ, 21 միլիոն և 36 միլիոն դրամ կտրամադրվի գյուղական բնակավայրերում և Սպիտակ քաղաքում բնակարանային պայմանների բարելավման իրավունքը դատական կարգով վերականգնած 15 ընտանիքների։

Ինչպես նշեցինք, այս նախագծով գումար պետք է ստանան նաև Շիրակի և Արագածոտնի մարզերը։

Ըստ նախագծի՝ 69 միլիոն դրամ կհատկացվի Շիրակի Ախուրյան, Գետք Քեթի, Հացիկ բնակավայրերի և Արագածոտնի Հնաբերդ, Գեղաձոր և Նորաշեն համայնքների ծրագրի շահառու ճանաչված 20 ընտանիքի բնակարանների ձեռքբերմանը։

Քաղաքաշինության կոմիտեն հայտնել է, որ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերում ծրագրի շահառու ճանաչված 5396 ընտանիքից 4839-ը բնակարանով ապահովվել են 2008-2017 թվականներին։ Այդ նպատակով ծախսվել է մոտ 65 միլիարդ դրամ։ Սակայն դեռևս լուծման կարիք ունի 557 ընտանիքի բնակարանային խնդիր, որը կառավարությունը նախատեսում է լուծել մինչև 2020 թվականի տարեվերջ:

x