Դատախազությունը բողոքարկել է Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու որոշումը Դատախազությունը բողոքարկել է վերաքննիչ դատարան: Այս մասին այսօր Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումն օրինական համարելու որոշման դեմ պաշտպանի բողոքի քննության ժամանակ իր խոսքում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, հունիսի 3-ին մերժել է Վահագն Հարությունյանին կալանավորելու Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը:

Հարությունյանը մեղադրվում է ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, որը զուգորդվել է բռնությամբ:

Ի սկզբանե Հարությունյանը մեղադրյալ էր ներգրավվել «Մարտի 1-ի գործի» շրջանակներում միայն ապացույց կեղծելու համար, և նրա նկատմամբ առաջին ատյանի դատարանը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն այս որոշումը վերացրել էր:

2018 թվականի դեկտեմբերի 26-ին դատախազությունը հայտնել էր, որ վերաքննիչ դատարանի որոշումը չի բողոքարկի, բայց նույն օրը Հատուկ քննչական ծառայությունը նրա մեղադրանքը լրացրել էր ու նորից կալանքի միջնորդություն ներկայացրել:

Դեկտեմբերի 30-ին դատարանը` նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի, Վահագն Հարությունյանի պաշտպանի բացակայությամբ քննել է գործն ու Հարությունյանին կալանավորելու որոշում կայացրել, և այս դատական ակտը բողոքարկվել էր Վերաքննիչ դատարան, որով էլ կայացվել է դատական ակտը բեկանելու որոշումը:

Փետրվարի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է Վահագն Հարությունյանի կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշումն ու գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության: Վերաքննիչ դատարանի այս որոշումից հետո դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն Վճռաբեկ դատարանն այն վարույթ չի ընդունել: Նման պայմաններում պետք է ի կատար ածվի Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, համաձայն որի՝ փաստորեն, գործը նորից ուղարկվել էր առաջին ատյանի դատարան:

Նշենք որ «Մարտի 1-ի գործով» մեղադրյալ ներգավվելուց հետո Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, շուրջ 8 ամիս է, նա գտնվում է հետախուզման մեջ: Պաշտպան Միհրան Պողոսյանը հետախուզման որոշումը նույնպես բողոքարկում է: Առաջին ատյանի դատարանը, նախագահությամբ դատավոր Արտուշ Գաբրիելյանի մարտի 11-ին հետախուզման որոշումն օրինական է համարել, որի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել:

 

x