Ապրիլյան պատերազմի մասին ՊՆ-ն ուսումնասիրություն կատարել է, որը կտրամադրվի ԱԺ հանձնաժողովին. Դավիթ Տոնոյան |aysor.am|

aysor.am: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի համոզմամբ, եթե հանրային պահանջ կար, ապա պետք էր ստեղծել 2016-ի ապրիլյան դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով։

«Եթե հանրությանը կբավարարեն այն պատասխանները, որոնք կլինեն այդ հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում, իհարկե, լավ է։ Բոլոր այն հարցերը, իմիջիայլոց նաև այն հարցերը, որոնք առաջացել են հակառակորդի տեղեկատվական գործողությունների արդյունքում, դրանք կփարատվեն», - այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Տոնոյանը։

Պատասխանելով լրագրողի հարցին՝ պաշտպանության նախարարն ասաց, որ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մատնանշած ուսումնասիրությունը կա, նախարարությունում են ու կտրամադրվեն հանձնաժողովին։

«Դա մասնագիտական վերլուծություն է, որը հանրության համար բաց չէ։ Դա կտրամադրվի հանձնաժողովին», - հավելեց նախարարը։

Սեյրան Օհանյանը այս ուսումնասիրության մասին խոսել էր լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ ապրիլյան պատերազմի հետ կապված ուսումնասիրություններ արդեն կատարվել էին և խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու կարիք չկար։

x