ՄԱԿ-ը քննադատել է Ղազախստանի իշխանություններին |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը Ղազախստանի իշխանություններին կոչ է արել «հարգել խաղաղ հավաքներ անցկացնելու, կարծիքներ արտահայտելու և քաղաքական գործընթացներին մասնակցելու մարդկանց իրավունքները»:

Այդ հայտարարությամբ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը հանդես է եկել հունիսի 9-ին Ղազախստանում նախագահական ընտրությունների օրը տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաների հարյուրավոր մասնակիցների ձերբակալության կապակցությամբ:

«Խաղաղ ցուցարարների, ակտիվիստների և լրագրողների նկատմամբ հունիսի 9-ին Ղազախստանի իշխանությունների գործողությունները չափազանց ցավալի են և դատապարտելի», - ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գրասենյակի Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ռիշարդ Կոմենդան:

«Կարծիքներ արտահայտելու և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքը հաջող և կենսունակ հասարակություն կառուցելու հիմնաքարն է: Այս գործընթացը խոչընդոտելու ցանկացած փորձ և անհարկի միջամտություն վտանգում է կայունությունը և սոցիալական համախմբվածությունը», - ընդգծել է Կոմենդան:

Ղազախստանում մեծ թվով քաղաքացիներ բողոքի ակցիաներով են արձագանքել Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ընտրությանը, որը տեղի է ունեցել երկրի լիդեր, նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի առաջարկով և հովանավորությամբ:

Ղազախստանի գլխավոր դատախազ Սապարբեկ Նուպրեիսովը մայրաքաղաք Նուր-Սուլթանում այսօր ասել է, որ ոստիկանները «ցրել են ապօրինի ցույցերը, քանի որ դրանց անցկացումը չի համաձայնեցվել իշխանությունների հետ»:

x