Ապօրինի հարստության բռնագանձման նախագիծը միջազգային փորձաքննության փուլում է. փոխնախարար |lragir.am|

lragir.am։ Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը կառավարության այսօրվա նիստից հետո ասաց, որ կառավարությունն աշխատանք է իրականացնում ոչ միայն վեթինգի, այլև համակարգային դատական բարեփոխումների ուղղությամբ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրի շրջանակներում։

«Առաջիկա ամենասեղմ ժամկետնեերում պատրաստ կլինի փաստաթղթերի փաթեթ, որոնք պարտադիր հանրային քննարկում են անցնելու»,- ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ առանձին դեկլարատիվ փոփոխություններն արդյունավետ չեն, համակարգային փոփոխությունների փաթեթ պետք է լինի։ Եվ անցումային արդարադատության մասին առանձին օրենք չի կարող լինել, անցումային արդարադատությունը գործիքակազմ է, ոչ թե գործընթաց։ Նույնն, ըստ փոխնախարարի, վեթինգի մասին կարելի է ասել։

 

Հարցին, թե վեթինգի հետևանքով դատավորների ունեզրկում հնարավո՞ր է, ինչպես նախկին նախարար Արտակ Զեյնալյանն էր ասում, Աննա Վարդապետյանը պատասխանեց․ «Ոչ թե կունեզրկվեն, այլ մենք ունենք ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծ, որն այս պահին գտնվում է միջազգային փորձաքննության փուլում և շատ մոտ ժամկետներում արդեն կուղղարկվի մեզ լրամշակման՝ իրենց դիտողություններով ու առաջարկություններով։

Եվ սա չի վերաբերում միայն դատավորներին։ Սա վերաբերում է ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքին, ոչ թե անձին, սա հայց է, որը ներկայացվում է գույքի դեմ և ունեզրկում չէ»։ Հարցին, թե բոլոր նախկին պաշտոնյաների դեպքում կարո՞ղ է գործել այդ օրենքը, փոխնախարարը պատասխանեց․ «Եվ ոչ միայն պաշտոնատար անձանց նկատմամբ»։

Նա նաև անդրադարձավ հարցին, թե հեշտ է արդյոք ապացուցելը՝ որ գույքն է ապօրինի։ «Օրենքի նախագծի մեջ դրանք մանրամասն ներկայացված են։ Եվ ապացուցման ողջամիտ հավասարակշռվածություն կա նախագծի մեջ, դա վստահեցնում եմ ձեզ որպես փոխնարարար»։

Աննա Վարդապետյանն անդրադարձավ նաև հարցին, թե հնարավո՞ր է, որ հաջորդ նախարարը ինքը լինի։ Նա ասաց, որ այս պահին նման առաջարկ չի ստացել։

x