Արձանագրվել են միլիարդավոր դրամների հասնող անհամապատասխանություններ. Լ. Յոլյանը ներկայացրեց Հաշվեքննիչ պալատի տարեկան հաղորդումը |tert.am|

tert.am։ Արձանագրվել են միլիարդավոր դրամի հասնող անհամապատասխանություններ, կան բազամաթիվ խեղաթյուրման փաստեր: Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացնելով ՀՀ Հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն՝ այս մասին հայտարարեց պալատի նախագահ Լևոն Յոլյանը:

Ըստ նրա՝ պալատը, ընդհանուր առմամբ, ներկայացրել է 359 տարաբնույթ առաջարկություն, որոնք, իրենց կարծիքով, կարող են բարելավել պետական մարմինների գործունեությունը:

Ըստ Յոլյանի՝ ընդհանուր հաստատված 25 հաշվեքննությունից ավարտված է 19-ը, 2-ը կասեցված է, իսկ 4-ի մասով աշխատանքները շարունակվում են. դրանք վերաբերում են ՊՆ-ին, ՀՀ համահայկական հիմնադրամին, Հայ-ռուսական համալսարանին և դեղերի շրջանառության պետական կարգավորմանն ուղղված ֆինանսատնտեսական հաշվետվություններին:

«Բոլոր ուղղություններով կազմվել է հաշվետվության 108 արձանագրություն, որից 14-ը գաղտնի»,-ասաց նա և նշեց, որ դրանք ամբողջությամբ ներկայացվել են հաշվեքննության օբյեկտների ղեկավարներին, որոնք էլ իրենց հերթին ներկայացրել են առարկություններ:
ՀՀ Հաշվեքննիչ պալատի նախագահը նշեց, որ ասելիքը շատ է և նյութերից մի քանիսի օրինակով ներկայացրեց առավել ուշագրավ փաստերը:

Նա անդրադարձավ Քաղաքացիական ավիացիայի մասին բացահայտումներին, և ասաց, որ յուրաքանչյուր տարի պետական բյուջեից «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին միջոցներ է հատկացվում ուսանող օդաչուների ուսումնավարժանքային թռիչքների իրականացման համար. ընկերությունը վարձակալել է «DIAMOND 40» տիպի օդանավ:

Լևոն Յոլյանը նշեց, որ 2013-ից սկսած այդ օդանավի վարձակալության համար պետական ընկերությունը վճարել է 600 մլն դրամ, իսկ մինչև այդ օդանավը ընկերության կողմից ներմուծվել է 2013-ին՝ 86,2 մլն դրամ արժեքով: «Ստացվում է այս տարիների ընթացում վարձավճարը 7 անգամ շատ է քան օդանավի արժեքը»,-ասաց նա:

Սոցապահովության մասով ասաց, որ տեղեկատվական բազաների՝ սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգի և բնակչության պետական ռեգիստրի և այլ շտեմարանների տվայլների համադրումը վկայում է, որ կենսաթոշակների և նպաստների վճարման գործընթացում առկա են խոշոր չափերի ռիսկեր, ավելի քան 15 մլրդ դրամի:

Ավելին՝ tert.am

x