Իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ չի ներկայացնում Ալիեւը. վարչապետը՝ հակամարտության կարգավորման մասին |armtimes.com|

armtimes.com: «Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին»:

Այս մասին «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե երբ նշվում է, որ Ղարաբաղի հակամարտության հարցը կարող է լուծվել Արցախի լիարժեք մասնակցությամբ, այս առումով կա՞ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կարծիքների հակասություն:

«Ես մեկ անգամ էլ եմ ասել, այն բանակցությունների փաթեթը, որը որպես ժառանգություն ես ստացել եմ, ինքս եմ փոխանցել Արցախի իշխանություններին, քանի որ նրանք դա չունեին եւ տեղյակ չէին: Հանդիպումներ որքան եղել են, դրանց մասին տեղյակ պահվել է, դրանք թաքուն չեն եղել:

Արցախի հետ բանակցությունները գաղտնի մակարդակով տանելը, ինչպես եղել է ավելի վաղ, տեղին չէ: Հնարավորինս շատ մարդ ու հնարավորինս շատ բան պետք է իմանա այդ բանակցությունների մասին: Իշխանությունները կարող են տարբերակներ առաջարկել, եթե իմանան, որ բանակցային սեղանի շուրջ հավաքվել է այն մասան, որը պետք է որ հավաքվեր: Ի՞նչ հակասությունների մասին է խոսքը: Այն, ինչ խոսվել է, խոսվել է հրապարակային»:

Արամ Աբրահամյանի հաջորդ հարցին, թե եթե Ադրբեջանը չդիմադրի եւ ասի՝ այո, թող Արցախը միանա բանակցային սեղանին, ի՞նչ կլինի հետո:

«Ես ի սկզբանե ասել եմ, որ ես կարող եմ բանակցել Հայաստանի Հանրապետության անունից, բայց չեմ կարող բանակցել Արցախի անունից, որովհետեւ Արցախի նախագահը չեմ եւ Արցախի ժողովրդի կողմից չեմ ընտրվել: Ինչպես ադրբեջանական կողմն է նշում, թե այդ դեպքում ո՞վ է ներկայացնելու Ղարաբաղի, իրենց խոսքերով ասած, ադրբեջանական համայնքի շահերը:

Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, առանց բացառության բոլորը, Ադրբեջանի քաղաքացիներ են: Այսօր նրանք մասնակցում են Ադրբեջանի ընտրություններին, որը քաղաքական գործընթաց է, այսինքն ինչպես սիրում է ադրբեջանական կողմն ասել, Ղարաբաղի ադրբեջանական համայնքն ընտրել է իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին, ով ներկայացնում է Ադրբեջանը որպես բանակցող կողմ:

Նորից ասեմ, ինչպես Ադրբեջանում սիրում են ասել՝ Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները ընտրել են իրենց նախագահին՝ Իլհամ Ալիեւին որպես բանակցող: Եթե այդ Ադրբեջանի քաղաքացիների անունից չի կարող բանակցել Իլհամ Ալիեւը, նշանակում է՝ գուցե Ադրբեջանու՞մ էլ կան քաղաքացիներ, որոնց Ադրբեջանի նախագահը ներկայացնելու լիազորություն չունի: Արդյո՞ք միայն, ինչպես իրենք սիրում են ասել, Արցախի ադրբեջանական համայնքին լիազորություն չունի ներկայացնել Իլհամ Ալիեւը, իսկ գուցե Բաքվի ադրբեջանցիների՞ն էլ իրավունք չունի ներկայացնել, կամ այլ քաղաքի:

Մեզ համար կապ չունի, թե ինչքան մարդու հետ կգա ադրբեջանական պատվիրակությունը, ովքեր կլինեն այդ կազմում, քանի որ դա ադրբեջանական պատվիրակությունն է: Մեր կողմում կա Հայաստանի ներկայացուցիչ, Հայաստանի պատվիրակություն, Արցախի ներկայացուցիչ ու պատվիրակություն»-եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

x