ՔԿԱԳ-ում քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ կդառնա․ արդարադատության փոխնախարարի նախագիծը դրական եզրակացություն ստացավ |tert.am|

tert.am։ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել: Օրակարգում առկա 12 հարցերից էր նաև «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցողն է արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։ Նա նկատեց, որ դեռևս 2014 թվականի սեպտեմբերի 30-ից ՀՀ ԱՆ համակարգում ներդրվեց քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգը, որը համացանցի միջոցով հասանելի դարձավ ՀՀ բոլոր ՔԿԱԳ մարմիններին:

«Նախագծի նպատակն է, որ ԱՆ քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում՝ ՔԿԱԳ, քաղաքացիների սպասարկումն առավել արդյունավետ դառնա։ Հնարավորություն ենք տալիս քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում ամեն ակտի վերաբերյալ ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկանքներ»,- մանրամասնեց նա։

Աննա Վարդապետյանի խոսքով՝այսօր արդեն կա ձևավորված էլեկտրոնային համակարգի կիրառում, որը զետեղված չէ օրենքում:

Վերջինս վստահ է, որ նախագծի ընդունման դեպքում, կձևավորվի առողջ մրցակցություն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների միջև, որը բարենպաստ անդրադարձ կունենա քաղաքացիների սպասարկման ոլորտի զարգացման վրա։

Հարցը դրվեց քվեարկության և ստացավ հանձնաժողովի անդամներ դրական եզրակացությունը։ 

x