Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել. Վանեցյանը վստահեցնում է՝ ԱԱԾ-ն երբեք այսքան թափանցիկ չի եղել |aysor.am|

aysor.am: Ունենք ձեռքբերումներ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործում, ShantNews-ին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ձեռքբերումներն ակնհայտ են, բոլորը տեսնում են և հասարակությունն իր գնահատականը տվել է», - ասել է նա։

Արթուր Վանեցյանը նշել է, որ ԱԱԾ-ն թիրախավորված է ու կառույցի մասին բացասական բաներ խոսողները մեծամասամբ կեղծ տեղեկություններ են տարածում իր մասին։

«Այդ մարդիկ ուղղակի պետք է հաշվի առնեն ու նկատի ունենան, եթե իրենք գաղտնի ինչ-որ մեկի հետ հանդիպում են ու թիրախավորում են ԱԱԾ-ին, ԱԱԾ-ն, ելնելով իր առանձնահատկություններից, դրա մասին իմանում է, ուղղակի մենք չենք բարձրաձայնում որտեղից են ուղղորդվում այդ քննադատությունները», - ասել է Վանեցյանը։

Հարցին՝ 2 միլիոն մարդ կա՝ գիտե՞ն ով ում հետ է հանդիպում, ԱԱԾ տնօրենը պատասխանել է, որ այդ 2 միլիոն մարդիկ շատ լավ են վերաբերվում ու դրական են գնահատում ԱԱԾ-ի աշխատանքը:

«Բայց կա շատ փոքր մարդկանց խումբ, որոնք որոշել են թիրախավորել ԱԱԾ-ին, որովհետև կան ինչ-ինչ պատճառներ։ Իրենց ձեռք չի տալիս, որ ԱԱԾ-ն երկրում ունենա նման հեղինակություն, նման վստահության արժանանա հասարակության կողմից», - ասել է նա։

Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից ամեն ինչ արել է, որ ժողովրդի շրջանում վստահություն ձեռք բերեն։

«Եվ մենք կարողացել ենք այդ վստահությունը ձեռք բերել», - նշել է նա։

Արթուր Վանեցյանն ընդգծել է՝ առողջ քննադատությունը, որը հնչում է ԱԱԾ-ի վերաբերյալ, իրենք միշտ լսում են, ընդունում են ու քայլեր են ձեռնարկում։

«Եթե սխալվել ենք, կարող ենք ներողություն հայցել, բայց այն կեղծ ու ստահոդ լուրերը, որոնք տարածվում են ԱԱԾ-ի մասին, անընդունելի են», - ասել է նա։

Դիտարկմանը, թե ԱԱԾ-ի գործը հետախուզությունն ու հակահետախուզությունն է, բայց ԱԱԾ-ն զբաղվում է ցանկացած այլ գործերով, Վանեցյանն արձագանքել է.

«Գիտեք ինչ, ԱԱԾ-ն փակ կառույց է, առհասարակ, երբևիցե ԱԱԾ-ն այդքան թափանցիկ չի եղել, ինչքան վերջին շրջանում է։ ԱԱԾ-ի աշխատանքների մասին բոլորը ենթադրություններով են խոսել, բայց ես ուզում եմ հավաստիացնել, որ ԱԱԾ-ն հիմնականում զբաղվում է հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, ինչպես նաև՝ պայքարում է հնարավոր ահաբեկչական գործողությունների դեմ, բայց դա այն գործառույթներն են, որոնց մասին խոսել ուղղակի հնարավոր չէ»։

ԱԱԾ տնօրենն ընդգծել է՝ ուզում է վստահեցնել, որ ԱԱԾ-ն շատ բարձր մակարդակով կատարում է իր առջև դրված հիմնական գործառույթները։

«Մենք երբեք չենք անցնում մեր լիազորությունների շրջանակը ու գործում ենք օրենքով մեզ վերապահված լիազորություններրի մեջ», - նշել է նա։

x