Դրամաշնորհների գրպանում, ձկնաբուծարանների համար ջրի կրկնակի ավելի օգտագործում. Հաշվեքննիչ պալատի զեկույցը` Բննախի վերաբերյալ |tert.am|

tert.am: Գերմանիայի զարգացման վարկերի բանկի կողմից ֆինանսավորվող և «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» դրամաշնորհային ծրագրով 2017 և 2018թթ.-ին շուրջ 2 մլն եվրո ընդհանուր արժողությամբ գործողություններ չեն կատարվել:

Ըստ ՀՀ Հաշվեքննիչ պալատի՝ ԲՆ-ին 2017-ին դրամաշնորհով հատկացվել է 1 մլրդ 84 մլն եվրո: Նախատեսված 34 գործողություններից չի կատարվել 958,000 եվրո ընդհանուր արժողությամբ 21 գործողություն: Նույնը նաև 2018 թ.-ին է եղել, դրամաշնորհի գումարը կազմել է 1.85 մլն, իսկ նախատեսված 28 գործողություններից չի կատարվել շուրջ 1 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 19 գործողություն:

Հաշվետվությամբ ՀՀ-ում գործող շուրջ 178 ձկնաբուծարաններից ընտրանքային կարգով 28-ում կատարված դիտարկման արդյունքում պարզվել է, որ թույլատրելի 104.5 մլն մ3-ի փոխարեն օգտագործվում է դրանից 88.4 մլն մ3-ով ավելի ջուր: Բացի այդ, օրենքով նախատեսված երկրորդային ջրօգտագործման խթանման նորմերի չկիրառման հետևանքով միայն վերոնշյալ 28 ձկնաբուծարանների կողմից օգտագործվող շուրջ 185 մլն մ3 ջուրն Արաքս գետով դուրս է հոսում ՀՀ տարածքից:

ՀՊ-ն իր եզրակացությունում նշում է, որ ՀՀ բնապահպանութ­յան նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության առանց­քային գործառույթներից է ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարումը, որը սակայն իրականացվում է մասնակի: «Արդյունքում խնդիրներ են առաջանում ջրօգտագործման թույլտվություններով սահմանվող ջրառի չափաքանակների հիմնավորման և ջրի ազգային քաղաքականության շրջանակում միասնական ռազմավարության մշակման և արդյունավետ կառավարում իրականացնելու տեսանկյունից»,- նշվում է հաշվետվության մեջ:

Պալատը նաև հայտնաբերել է խեցգետնի պաշարների թույլատրելի որսաչափի բազմակի անգամ գերազանցող թույլատվություններ:

«ՀՀ բնապահպանության նախարարության պատվերով ՀՀ ԳԱՄ հիդրոէկոլոգիայի և ձկնաբուծության ինստիտուտը յուրաքանչյուր տարի հաշվառում է խեցգետնի պաշարները և որոշում դրա թույլատրելի որսաչափը: Այդ ծառայությունների համար Նախարարությունն ամեն տարի ինստիտուտին է վճարում 7.6 միլիոն դրամ: Սակայն Նախարարությունն այդ տեղեկատվությունը հաշվի չի առել և տրամադրել է թույլատրելի որսաչափը բազմակի անգամ գերազանցող թույլտվություններ»,- նշվում է հաշվետվությունում:

Ըստ այդմ էլ՝ 2017-2018 թթ.-ին ՀՀ-ից փաստացի արտահանված խեցգետնի քանակը մի քանի անգամ գերազանցել է այդ ժամանակահատվածի խեցգետնի օրինական որսի թույլտվությունները: Օրինակ' 2018թ.-ի առաջին ինն ամիսների ընթացքում Սևանա լճից տրվել է 3 տոննա որսի թույլտվություն, այն դեպքում, երբ արտահանումը կազմել է 110.6 տոննա կամ շուրջ 37 անգամ ավելի, քան օրինական որսը:

Շարունակությունը՝ tert.am

x