Սկսվեց ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի գործով նիստը. նա ասաց, որ չի ընդունում մեղադրանքը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ քիչ առաջ սկսվեց ՀՀ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով դատական նիստը։ Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ մեղադրանքը չի ընդունում։ «Իհարկե չեմ ընդունում»,-ասաց նա:

Ըստ մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ․ հուլիս 2-ին Երեւան քաղաքի Միկոյան փողցի 51 հասցեում գտնվող «Օլիմպավան» մարզական համալիրի հանդիպումների դահլիճում հարվածներ է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին՝ առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։

Հիշեցնենք, որ Բաբայանը 2018թ. օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակվել կալանքից: Ավելի վաղ հայտնել ենք, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21:30-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ կրծքավանդակի կոտրվածքով ու այլ վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովը։ Միջադեպը տեղի էր ունեցել «Օլիմպավանում», որտեղ տուժողը դժգոհել էր, որ իր որդուն՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնին, չեն ազատում բանակից։

Վեճ է ծագել, որի հետեւանքով Հարությունովը ծեծի է ենթարկվել եւ ծանր մարմնական վնասվածքներ ստացել։ Նա հետաքննիչին ցուցմունք է տվել, որ իրեն ծեծել են Ծառուկյանի թիկնապահն ու մյուսները, սակայն ժամեր անց հրաժարվել է իր ցուցմունքներից՝ասելով, որ սայթաքելու ընթացքում է վնասվածքներ ստացել եւ որ դեղերի ազդեցության տակ սխալ ցուցմունք է տվել։ Այս դեպքից հետո Հարությունովը պարբերաբար պնդում էր Բաբայանն ու մյուսներն իրեն ծեծի չեն ենթարկել։

armtimes.com

x