Արշալույսի համայնքապետն ու ավագանին որոշումներում հղում են կատարել գոյություն չունեցող օրենքներին |hetq.am|

hetq.am: Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ավագանին 2018թ. նոյեմբերի 16-ի թիվ 73 որոշմամբ սահմանել է համայնքի կողմից 2019թ. մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը: Այդ որոշման հավելվածով համայնքի բնակիչ համարվող անձանց կտակի վավերացում է նախատեսվել, այնինչ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխություններով, որն ուժի մեջ է մտել 2017թ. հունվարի 1-ից, նման իրավասություն համայնքի ղեկավարին վարապահված չէ:

Մասնագիտական հսկողություն իրականացնելու ժամանակ այս փաստն արձանագրվել է նաև Արմավիրի մարզպետարանի կողմից: Ավելին, պարզվել է, որ նմանատիպ գործառույթ ավագանու կողմից վերապահվել է նաև 2017 թ.-ին:

Սա միակ դեպքը չէ, երբ Արշալույսի համայնքապետարանը հայտնվում է անհարմար վիճակում: Պարզվել է նաև, որ ինչպես համայնքի ղեկավարի, այնպես էլ ավագանու կողմից կայացվել և ընդունվել են որոշումներ, որոնցում հղումներ են կատարվել ինչպես ուժը կորցրած ճանաչված օրենքներին, այնպես էլ օրենքների հոդվածներին, որոնք չեն վերաբերում ոչ ավագանու, ոչ էլ համայնքի ղեկավարի իրավասություններին:

Գյուղացիներն ամիսներ շարունակ պահանջում են համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում: Արշալույսի համայնքապետը ԱԺ նախկին պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է:

Բողոքի ակցիաների հետևանքով փետրվար և մարտ ամիսներն ամբողջությամբ, իսկ ապրիլ ամսից 3 օր համայնքապետարանի աշխատակիցներն աշխատանքի չեն հաճախել: Գյուղացիները փակել էին համայնքապետարանի շենքը և թույլ չէին տալիս աշխատողներին մուտք գործել շենք:

Աշխատանքի չհաճախող աշխատակիցները վարձատրվել են ամբողջ ամիսների համար՝ որպես ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի համար: Մինչդեռ աշխատանքային օրենսգիրքը նմանատիպ դեպքերի համար վարձատրության չափ է սահմանել մինչև պարապուրդը աշխատողի միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Մարզպետարանն առաջարկել է կատարել վերահաշվարկ և կատարել աշխատակիցների աշխատավարձերից պահումներ:

x