Կուսակցության հնաբնակ միջին տարիքի տղամարդկանց վարչություն․ ինչպիսի՞ն է ՔՊ վարչության նոր կազմը

Հունիսի 16-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչության նոր կազմ ընտրեց։ Առաջադրված 51 թեկնածուներից վարչության անդամներ ընտրվեցին առավել ձայն հավաքած 21 թեկնածուները։ Ընդհանուր 336 քվեաթերթիկներից վավեր էին 326-ը։

Մինչ խոսելը այն մասին, թե ովքեր ի վերջո ընտրվեցին որպես վարչության և վերահսկող հանձնաժողովի անդամներ, պետք է նշել, որ վարչության կազմի այս ընտրությունները կուսակցության համար առաջինն էին՝ որպես կառավարող ուժի։ Փորձենք ամփոփել, թե ընդհանուր առմամբ ինչ արդյունքներ ունեցավ այս ընտրությունը։

Հին ու նոր կազմ։ ՔՊ կուսակցության նախորդ կազմում, որ ձևավորվել էր 2016 թ․ հոկտեմբերի 30-ին, ընդգրկված էին վարչության 13 և վերահսկող հանձնաժողովի 5 անդամներ։

Թավշյա հեղափոխությունից հետո կուսակցությանը միացել են նոր անդամներ՝ տարբեր միջավայրերից՝ այդ թվում քաղաքացիական հասարակությունից։ Դիտարկենք, թե արդյոք նորերի մուտքը փոխել է ընտրության արդյունքները, թե ոչ և, ընդհանրապես, ինչն է փոխվել այս ընտրության ժամանակ։

Հատկանշական է, որ քվեարկության արդյունքներով առաջատար ներկայացուցչին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, 336 կուսակցականներից միայն 307-ն էին ընտրել (ներառյալ անվավեր քվեաթերթիկները)։

Վարչության նախորդ կազմում ընդգրկված անդամներից Լենա Նազարյանը, օրինակ, չէր առաջադրել իր թեկնածությունը։ Որպես պատճառ Նազարյանը հարցազրույցներից մի քանիսում նշել էր, որ չի ցանկանում՝ իր առաջադրումը շահերի բախման մասին հնարավոր խոսակցությունների առիթ լինի, քանի որ թեկնածության հայտ է ներկայացրել նաև ամուսինը՝ Նարեկ Բաբայանը։

Որպես վարչության անդամ իր թեկնածությունը չէր առաջադրել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նախորդ ընտրություններին Սարգսյանը բավականին բարձր արդյունքով՝ 101 ձայնով, ընդգրկվել էր վարչության կազմում։ Պետք է նշել, որ այդ ընտրությունը հաջորդել էր Գարիկ Սարգսյանի՝ Նոր Կյանքի համայնքապետ ընտրվելուն։

Համայնքի ընտրությունները տեղի էին ունեցել 2016 թ․ սեպտեմբերին՝ վարչության ընտրություններից մեկ ամիս առաջ։ Այդ ժամանակ Սարգսյանը Քաղաքացիական պայմանագիր կուսակցության միակ ներկայացուցիչն էր՝ որպես համայնքի ղեկավար։
Այս անգամ Սարգսյանի՝ կուսակցության վարչության կազմում որպես թեկնածու չառաջադրվելը տարբեր խոսակցությունների առիթ դարձավ։

Ինքը՝ Սարգսյանը, հարցազրույցներից մեկում չառաջադրվելը հիմնավորել էր նրանով, որ բնույթով փոփոխությունների կողմնակից է, կարծում է՝ լավ կլինի, որ իրենց մյուս գործընկերներն էլ հնարավորություն ունենան առաջադրվելու և վարչության աշխատանքներում իրենց մասնակցությունն ունենալու համար։

Փոխարենը, Արարատի մարզպետն իր թեկնածությունն էր առաջադրել՝ որպես վերահսկող հանձնաժողովի անդամ և արդյունքում ընտրվեց 131 քվեով։

Վարչության նոր կազմից դուրս մնացին նաև նախորդ կազմում ընդգրկված մի քանի ներկայացուցիչներ, որոնք չհավաքեցին բավարար քվեներ։ Օրինակ՝ Զարուհի Բաթոյանը, որ նախորդ ընտրություններին ստացել էր 124 քվե, այս անգամ չընդգրկվեց վարչության կազմում․ դուրս մնացին նաև Հովիկ Աղազարյանը և Սասուն Միքայելյանը։

Ինչու՞ չընտրվեց Սասուն Միքայելյանը։ Այս ընտրության ուշագրավ պահերից մեկն այն էր, որ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը չընդգրկվեց վարչության նոր կազմում, իսկ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը։ Մամուլում քննարկվում էր, որ թիմակիցներն ուղղակի մերժեցին Միքայելյանին և դուրս թողեցին իրենց շարքերից։ Համացանցում քննարկվում էր նաև այն, որ Սասուն Միքայելյանի ելույթից առաջ թիմակիցների մի մասը լքեցին դահլիճը։

Սակայն պետք է նշել, որ Միքայելյանը վարչության կազմում չընդգրկվեց ընդամենը 3 ձայնի տարբերությամ՝ ստանալով 145 քվե։

Ուշագրավ է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության յութուբյան ալիքում, որտեղ հրապարակված են թեկնածուների քարոզարշավի ելույթները, Սասուն Միքայելյանի ելույթը բացակայում է։ Ըստ երևույթին, Միքայելյանը չի մասնակցել նախընտրական քարոզարշավին։

Վարչության նոր անդամները։ ՔՊ կուսակցության վարչության կազմը փոխվեց ոչ միայն նախորդ կազմի որոշ անդամների՝ ցուցակում չընդգրկվելու, այլև նորերի ընտրվելու արդյունքում։ Նոր ընտրված անդամներն են Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Նարեկ Բաբայանը, Հակոբ Սիմիդյանը, Ռուբեն Ռուբինյանը, Հակոբ Արշակյանը, Վիլեն Գաբրիելյանը, Արմեն Փամբուխչյանը, Արփի Դավոյանը, Էդուարդ Աղաջանյանը, Մխիթար Հայրապետյանը և Սիփան Փաշինյանը, ով նախորդ կազմում ձայների մեծամասնությամբ ընտրվել էր որպես վերահսկող հանձնաժողովի անդամ, այնուհետև՝ որպես նախագահ։

Ակնհայտ է, որ այս ընտրությունը պայմանավորված է թեկնածուների՝ նոր իշխանության ձևավորումից հետո ծավալած գործունեությամբ։ Հարկ է նշել, որ ձայներն այստեղ գրեթե հավասարապես բաշխվել են օրենսդիր և գործադիր ուժերի ներկայացուցիչների միջև։

Ցանկում ընդգրկվեց նաև մեկ թեկնածու՝ Վիլեն Գաբրիելյանը, ով ո՛չ գործադիրում, ո՛չ օրենսդիրում որևէ պաշտոն չի զբաղեցնում։ Ուշագրավ է, որ Գաբրիելյանը 230 ձայնով զբաղեցրեց 6-րդ տեղը՝ առաջ անցնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանից, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանից և մի քանի նախարարներից։ 

Բայց վարչության նոր կազմը մեկ այլ առումով է ուշագրավ։ Ընտրված անդամներից բոլորը ՔՊ կուսակցության հիմնադիր կազմից են։ Այս փաստը արձանագրեցին նաև կուսակցության ներկայացուցիչները։

Ցանկում բացակայում են Թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակությունից կուսակցության շարքերը համալրած անդամները։ «Մերժիր Սերժին» նախաձեռնության որևէ անդամ չընդգրկվեց վարչության կազմում, մինչդեռ նրանք մեծ դերակատարում ունեցան հեղափոխության ընթացքում, և մայիսյան իրադարձություններից հետո նախաձեռնության անդամների մեծ մասը համալրեց կուսակցության շարքերը։

Կանայք և ընտրությունները։ Եթե ՔՊ կուսակցության վարչության 2016 թ․-ին ընտրված 13 անդամներից էին 2-ը կին, ապա այս ընտրություններին՝ 21-ից 2-ը։ Ընդ որում, վարչության նախագահը և փոխնախագահները տղամարդիկ են։ Սուրեն Պապիկյանն ընտրվեց վարչության նախագահ, իսկ Ռուբեն Ռուբինյանն ու Հակոբ Սիմիդյանը՝ փոխնախագահներ։ Այս պատկերը հակասում է ինչպես ՔՊ կուսակցության ծրագրին, այնպես էլ ընտրության բացմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին և ելույթի մեսիջներին։

Այս ելույթի ժամանակ Փաշինյանը, մեջբերելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ծրագրի առաջին կետը, շեշտեց․ «ՔՊ կուսակցության անդամները ձգտում են հասնել ՀՀ քաղաքացիների հասարակական, քաղաքական, իրավական, կենցաղային նոր հարաբերությունների հաստատմանը՝ հիմնված օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարության, մարդու իրավունքների լիարժեք պաշտպանության և կիրառելիության, կանանց և տղամարդկանց իրավահավասարության հրամայականների վրա»։ Սա ներկայացվեց որպես ծրագրային արժեք։

Ընտրության արդյունքներով դուրս մնացին նաև կուսակցության ավագ ներկայացուցիչները՝ Սասուն Միքայելյանը և Հովիկ Աղազարյանը։

Եթե ընդհանուր նկարագրելու լինենք վարչության նոր կազմը, պետք է ասենք, որ այն հիմնականում կազմված է կուսակցության հիմնադիր միջին տարիքի տղամարդկանցից։

Վերահսկող հանձնաժողով։ ՔՊ վարչության նախորդ ընտրություններին վերահսկող հանձնաժողովում ընդգրկվել էին 5 ներկայացուցիչ, որոնցից մեկը՝ կին։ Ինչպես արդեն նշեցինք, հանձնաժողովի նախագահ էր ընտրվել Սիփան Փաշինյանը։ Այս ընտրություններին վերահսկող հանձնաժողովի 7 անդամներից 2-ն են կին։ Երեկ պարզ դարձավ, որ հանձնաժողովի նախագահ է ընտրվել Սոնա Ղազարյանը։ Վերջինս Քաղաքացիական պայմանագիր կուցակցությանն էր միացել Թավշյա հեղափոխության ժամանակ հայտնի «Մերժիր Սերժին» նախաձեռնությունից։


Մարգարիտա Ղազարյան

x