Հայաստանում մտադիր են բարձրացնել դատավորների աշխատավարձը, բայց ոչ բյուջեի հաշվին. Վարչապետի հայտարարությունը |aysor.am|

aysor.am։ Այսօր Ազգային ժողովում 2018-ի բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իր եզրափակիչ ելույթում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադաձել է իր ղեկավարած կառավարության հասցեին հնչող քննադատություններից մեկին՝ կառավարությունը բարեփոխումները չի անում անհրաժեշտ ակտվությամբ։

«Իմ տպավորությունը ու կարծիքն այն է, որ արագ ռեֆորմներ նշանակում են ձախողված ռեֆորմներ։ 90-ականների սկզբին, որպես լրագրող ես հետևել եմ, իմ աչքի առաջ ձախողվել են փայլուն ստրատեգիական ռեֆորմներ, քանի որ դրանց հեղինակները ցանկացել են արագ անել։ Մինչև այսօր Հայաստանը կրում է այդ ռեֆորմների չիրականացման ծանրագույն հետևանքները։ Շատ կարևոր է չշտապել, ափալ-թափալ գործողություններ չանել», - հայտարարեց վարչապետը։

Այս համատեքստում նա մատնանշեց դատաիրավական բարեփոխումների մասին ու պնդեց. Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ հնարավոր չէ՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու։

«Այսօր դատավորների, առավել ևս գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ պրոբլեմներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից և մանավանդ սոցիալական բազմաթիվ խնդիրներ լուծված չեն։ Մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները՝ միջազգային դոնորները, Հայաստանին կաջակցեն այս հարցում, մենք 2-3 տարի դատավորների, նոր ներգրավված դատավորների աշխատավարձերը կկարողանանք բարձրացնել, դարձնել 2,5-3 մլն դրամ։

Դա մեր պետական բյուջեի վրա ուղիղ ազդեցություն չի ունենա։ Այդ ընթացքում մենք, համոզված եմ, կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Բացի այդ, և իշխանությունը, և ընդդիմությունը, և քաղհասարակությունը կհամոզվի՝ անկախ դատական համակարգ ունենալու հարցում ու կհասկանա՝ սա մի ծախս է, որ արժե անել ու հանրությունը կհամաձայնի սեփական միջոցներից գումար տրամադրել՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ծախսը, ըստ վարչապետի, կազմում է 10 մլրդ դրամ։

Նա ընդգծեց, որ մեկ տարվա կյանք ունեցող կառավարությունից պետք չէ ակնկալել 30 տարվա խնդիրների լուծումներ։

x