Սուրիկ Խաչատրյանը և մի շարք նախկին պաշտոնյաներ գույքահարկ չեն վճարել. Սարհատ Պետրոսյան |azatutyun.am|

azatutyun.am: Մի շարք նախկին պաշտոնյաներ խուսափել են գույքահարկից, այդ մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Այդ պաշտոնյաներից միայն նշեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը՝ տեղեկացնելով, որ Երևանի Մյասնիկյանի պողոտայի վրա գտնվող նրա առանձնատունն անգամ գրանցված չի Կադաստրի կոմիտեում։

«Այդպիսի պաշտոնյաները շատ են, չեմ կարող բոլորի անունները տալ։ Մենք այդ տվյալները փոխանցել ենք համայնքին, և ես վստահ եմ, որ համայնքը դրանով կզբաղվի», - ասաց նա։

Անդրադառնալով Կառավարությունում այսօր քննարկված բնակարանների, տների և այլ անշարժ գույքի կադաստրային արժեքի գնահատման կարգերի փոփոխությունների նախագծին՝ Սարհատ Պետրոսյանն ասաց, որ այդ գները 2002 թվականից չեն թարմացվել։ Մինչդեռ անշարժ գույքի գները հատկապես Երևանում կտրուկ աճել են։

«Մենք այս նախագծով անշարժ գույքի կադաստրային գները մոտեցնելու ենք շուկայական գներին», - ասաց նա՝ հավելելով, որ հիմնական թիրախը լինելու է թանկ գույքը:

Նախագիծը հաստատվելուց և ուժի մեջ մտնելուց հետո անշարժ գույքի կադաստրի արժեքը կբարձրանա։ Ըստ նրա՝ այսօր Երևանի կենտրոնում 60 հազար դրամ արժողությամբ գույքը կդառնա 330 հազար դրամ։ «Իմ կարծոքով մեր գույքահարկը նվազագույնը 2-3 անգամ պետք է բարձրանա։ Սա իմ անձնական դիրքորոշումն է, ես ոչ ֆինանսիստ եմ, ոչ էլ տնտեսական հիմքեր կան», - ասաց նա։

x