Մենք նույնպես պետք է պաշտպանենք բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը․ Թուլսի Հաբբարդ

Կոնգրեսական, ԱՄՆ նախագահի թեկնածու Թուլսի Հաբբարդը հանդես է եկել տեսաուղերձով, որում Հայոց ցեղասպանության հարցում արդարության կոչ է արել և խոստացել է աջակցել Հայաստանի եւ Արցախի անվտանգությանը եւ բարգավաճմանը:
Հիշեցնելով, որ 2017-ին նա այցելել է Հայաստան եւ Արցախ, նա նշել է, որ այդ այցելությունների ժամանակ կարողացել է ավելի լավ հասկանալ հայ ժողովրդի առջեւ ծառացած մարտահրավերները եւ հնարավորությունները:

Բացի այս, նախագահի թեկնածուն իր աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի դերակատարությանը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդի, բայց և ասել, որ դա չի նշանակում, թե ԱՄՆ-ն շարունակելու է կեղծ պարիտետի քաղաքականությունը եւ բացահայտ չի խոսելու, երբ կողմերից որեւէ մեկը խախտի հրադադարի մասին պայմանագիրը.

«ԱՄՆ-ն չպետք է առաջ տանի բանաձեւը, որ հիմնված է միայն Հայաստանի եւ Արցախի կողմից անհապաղ եւ մշտական զիջումների վրա՝ առանց Ադրբեջանի կողմից համարժեք զիջումների: Թեեւ տարածքային ամբողջականության սկզբունքի հարգումը պետք է պահպանվի, բայց մենք նույնպես պետք է պաշտպանենք բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը»,- ասել է նա:

armtimes.com

x