ՋՕԸ-ները 1.7 մլրդ դրամը ռիսկային են ծախսել, բացակայում է ջրի ծավալների իրական հաշվառումը. հաշվետվություն |armtimes.com|

armtimes.com։ Հաշվեքննիչ պալատը հրապարկել է 2018թ.-ի տարեկան հաշվետվությունը, որն առաջիկայում կներկայացվի ԱԺ: Ջրային կոմիտեի հաշվեքննության մասով Հաշվեքննիչ պալատը հայտնաբերել է մի շարք խախտումներ: Մասնավորապես, նշվում է, որ բացակայում է ջրի ծավալների իրական հաշվառումը, թեև 2013 թվականին 500. հազ. եվրո արժեքով ձեռք է բերվել չափիչ սարքեր, որոնք սահմանված վայրերում անհասկանալի պատճառներով տեղադրված չեն:

Նշվում է, որ «Ջրառ» ՓԲԸ-ին պատկանող գույքը հանձնվել է վարձակալության՝ չպահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները, իսկ վարձավճարները սահմանվել են կամայականորեն: Մասնավորապես. «Գրին էներջի կոնցեռն» ՍՊԸ-ին Վերնաշենի պոմպակայանը վարձակալությամբ է տրամադրվել ամսական 220.0 հազ. դրամով: Վերջինս այդ պոմպակայանը գրավադրել է՝ ստանալով համապատասխան վարկային գիծ:

«Յագուար կենդանիների աշխարհ» ՍՊԸ-ին Հեր-Հեր ջրամբարի տարածքը վարձակալությամբ տրամադրվել է ամսական 20.0 հազ դրամով` ձկնաբուծության նպատակով:

Հեր-Հեր ջրամբարից 2 ՀԷԿ-երի համար էներգետիկ նպատակով 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ բաց է թողնվել 40.5 մլն խմ ջուր, որի դիմաց «Ջրառ» ՓԲԸ-ն ստացել է ընդամենը 3 մլն դրամ (մատակարարված ջրի ինքնարժեքը կազմել է շուրջ 93 մլն դրամ):

ՀՊ-ի հաշվետվությամբ՝ ռիսկային են գարնան նախապատրաստական աշխատանքների մասով 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարված ծախսերը՝ շուրջ 460 մլն դրամի չափով, որից 233 մլն դրամը՝ կանխիկ: «Այդ աշխատանքների իրականացումը փաստաթղթերով հիմնավորված չէ:

Գնումների գործընթաց չի իրականացվում: Աշխատանքների արժեքներն էականորեն բարձր են: Օրինակ՝ հաստիքային աշխատողին վճարվում է ամսական 80 հազ. դրամ, իսկ նմանատիպ աշխատանք կատարողի հետ կնքվում է պայմանագիր՝ 27 օրվա համար՝ 917.0 հազ. դրամ, կամ «ԶԻԼ» մակնիշի մեքենաների շուկայական արժեքը կազմում է մոտ 2.5 մլն դրամ, մինչդեռ դրանք վարձակալվում են (30-42 օրվա համար) միջինը 1.2 մլն դրամով, «Կամազ» մակնիշի մեքենաները՝ 1.5 մլն դրամով: ՋՕԸ-ների կողմից նմանատիպ ռիսկային կերպով ծախսվել է 1.7 մլրդ դրամ»,- գրված է հաշվեքննության մեջ:

Համապատասխան ջրանցքով ինքնահոս եղանակով Սևանից ստացված ջուրն ուղղվել է (իջեցվել է) պոմպակայանների համապատասխան ավազաններ և այնտե­ղից հետ է մղվել նույն ջրանցքը: Նման կերպ ծախսվել է հավելյալ 1.1 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:
Համադրելով որոշ պոմպերի ծախսած էլեկտրաէներգիայի ծավալը դրանց տեխնիկական ցուցանիշների (արտադրողականության) հետ՝ պարզվել է, որ «Ջրառ» ՓԲԸ-ի կողմից 2017թ.-ին և 2018թ.-ի հոկտեմբերի 1-ի դրությամբ պակաս է հաշվարկվել 6,528.86 և 6,798.74 հազ. խմ մեխանիկական եղանակով ստացված ջուր, համապատասխանաբար՝ 76.2 մլն դրամ և 78.3 մլն դրամ արժեքով:

Ավելին՝ armtimes.com

x