Լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն հատկապես ընդդիմադիր խմբակցություններ համար. Միրզոյանը՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ է առաջարկում |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը:

Հարցով հիմնական զեկուցող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նկատեց, որ առաջարկվում է տնտեսական մրցակցության և հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովներում թափուր հաստիքի համար թեկնածու առաջարկելու իրավասությունը վերապահել ոչ թե վարչապետին, այլ՝ կառավարությանն, ապա՝ խորհրդարանական խմբակցություններին:

«Առաջարկում եմ թափուր տեղերում թեկնածու առաջադրելու իրավունքները հերթականորեն վարչապետի փոխարեն վերապահել կառավարությանը, ապա՝ ԱԺ կառավարող և ապա՝ ընդդիմադիր խմբակցություններին», - ասաց նա՝ հավելելով.

«Ավելորդ է ասել, որ այս փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ հատկապես ընդդիմադիր խմբակցությունների համար նման կարևոր մարմիններում իրենց թեկնածուներին առաջադրելու առումով»:

Միրզոյանը նշեց՝ նույն կարգավորումն առաջարկվում է կիրառել կոռուպցիայի կանխարգելման հանձաժողովի դեպքում:

ԱԺ նախագահը նաև առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, որոնք կտեղավորվեն դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ:

«Մասնավորապես, առաջարկում ենք սահմանված դեպքերում և կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել:

Նույն բանը նաև հանրային ծառայությունների մասին օրենքի փոփոխությամբ ենք առաջարկում՝ սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնելը: Ակնհայտ է, որ սա ուղղված է այս հակակոռուպցիոն մարմնի շեշտակի ուժեղացմանն ու պաշտոնյաների հաշվետվության թափանցիկության աճին», - ընդգծեց Միրզոյանը:

x