Սյունիքի մարզի Գորայքում արտահերթ ընտրություններ տեղի կունենան. փակել են միջպետական ճանապարհը, լարված իրավիճակ է |armtimes.com|

armtimes.com։ Սյունիքի մարզի Գորայք խոշորացված համայնքի Ծղուկ բնակավայրի բնակիչներն այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք փակել են Երեւան-Մեղրի տանող միջպետական ճանապարհը՝ պահանջելով, որ այնտեղ գնան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կամ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Հունիսի 9-ին Գորայքում համայնքապետի ընտրություններ են տեղի ունեցել:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների համաձայն՝ 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 հոգի: Նախնական արդյունքներով՝ համայնքի ղեկավարի ընտրությանը գրանցվել է ձայների բաշխման հետեւյալ պատկերը՝ Աշոտ Աղաջանյան 531 քվե, Արտյոմ Գրիգորյան 515 քվե, Մանուչար Մկրտչյան 13 քվե: Թեկնածուներից Արտյոմ Գրիգորյանը դատարանում վիճարկել է ընտրությունների արդյունքները եւ դատարանը որոշում է կայացրել հունիսի 30-ին նոր ընտրություններ անցկացնել:

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ծղուկում թվով 59 քվեաթերթիկի վերաբերյալ անճշտություններ են եղել. «Կնքված են եղել բոլոր 59 քվեաթերթիկները, եւ հանձնաժողովի նախագահը, հանձնաժողովի հետ որոշում է կայացրել ոչ թե դրանք անվավեր ճանաչել, այլ բացել եւ հաշվել այդ քվեաթերթիկները:

Քանի որ ընտրությունների արդյունքներով 2 թեկնածուների մեջ տարբերությունը եղել է շատ քիչ, մյուս թեկնածուն բողոքարկել է: ԿԸՀ-ն թողել է անփոփոխ, դրանից հետո դիմել է դատարան եւ դատարանը վճիռ է կայացրել, որ պետք է կայանան նոր ընտրություններ»,- ասաց Բաբայանը:

Բաբայանի խոսքով՝ դատարանը որոշում է ընդունել, որ վճիռը բողոքարկման ենթակա չէ: Հարցին՝ ինքը փորձե՞լ է բողոքի ակցիա անցկացնողներին ասել, որ սա դատարանի վճիռն է եւ այսպես չեն կարող խնդիրը կարգավորել, Բաբայանը պատասխանեց.

«Աշխատանքներ ենք տանում իրենց հետ, բայց դուք էլ շատ լավ գիտեք, որ կա անվստահություն դատական համակարգի նկատմամբ եւ այս քայլի պատճառներից մեկն էլ դա է: Ուղղակի խնդիրն այն է, որ միջպետական ճանապարհ են փակել, հիմա փորձում ենք այնպես անել, որպեսզի ճանապարհը բացեն, այնուհետեւ կազմակերպենք, որ ամսի 30-ին նորմալ ընտրություններ տեղի ունենան»:

Շարունակությունը՝ armtimes.com

x