Ադրբեջանում լրագրողները շարունակում են «շորթել» և «դավաճանել պետությանը» |epress.am|

epress.am: «Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության»(ՀԱՔԱ) միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով լրագրողների նկատմամբ քրեական հետապնդումների վերջին դեպքերը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, խոսք է գնում Realliq.info լրատվական կայքի խմբագիր Իքրամ Ռագիմովի մասին, ով հունիսի 12-ին դատապարտվեց 5,5 տարվա ազատազրկման: Նրան մեղադրանք էր առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի «շորթում սպառնալիքների միջոցով» հոդվածով։

ՀԱՔԱ-ն նշում է, որ Ռագիմովը ձերբակալվել է 2018 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի նախագահի օգնական Ալի Հասանովի և նրան «հավատարիմ» որոշ ԶԼՄ-ների մասին խիստ քննադատական հայտարարության հրապարակումից անմիջապես հետո։ Ավելի վաղ Ռագիմովը հոդվածներ է հրապարակել նաև մամուլը վերահսկող մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն գործերի մասին։

Ռագիմովի դատավճռի հրապարակման օրը՝ հունիսի 12, ձերբակալվել է նաև Xeberman.com և Press-az.com լրատվական կայքերի հիմնադիր և խմբագիր Պոլադ Ասլանովը, ով այժմ մեղադրվում է պետական դավաճանության՝ օտարերկրյա պետությանը գաղտնի տեղեկություններ փոխանցելու, իր հեղինակած նյութերում պետությանը զրպարտելու և օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ համագործակցելու նպատակով ադրբեջանցի այլ լրագրողներ հավաքագրելու մեջ։

Ասլանովը հերքում է բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական հետապնդման մաս է կազմում, որը պայմանավորված է իր լրագրողական գործունեությամբ։ Ըստ նրա ընտանիքի անդամների՝ Ասլանովի նկատմամաբ ճնշումները սկսել են մոտ մեկ տարի առաջ՝ Ազգային անվտանգության աշխատակիցների ռեկետների և կաշառակերության մասին հոդվածների հրապարակումից հետո։

ՀԱՔԱ-ն գնահատել է նշված գործերը որպես «լրագրողների նկատմամբ հետապնդումների և ռեպրեսիաների շարունակություն», ճանաչել Ռագիմովին և Ասլանովին քաղբանտարկյալ և կոչ արել իշխանություններին անհապաղ ազատ արձակել նրանց։

x