Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի գործով վճիռը կհրապարակվի հուլիսի 10-ին |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Աիդա Դավթյանի, այսօր ավարտվեց Սեդրակ Քոչարյանն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գոծով դատաքննությունը: Դատարանը գործով վճիռը կհրապարակի հուլիսի 10-ին:

Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը ԱԱԾ տնօրենի դեմ հայց է ներկայացրել նրա և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսից հետո, որը հրավիրվել էր, երբ համացանցում էին հայտնվել նրանց հեռախոսային խոսակցությունները՝ կապված Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի կալանքի հետ:

Այդ օրը ՀՔԾ պետն ու ԱԱԾ տնօրենը իրենց վարույթներում քննվող գործերով մի շարք բացահայտումներ արեցին: Արթուր Վանեցյանը Քոչարյանի ընտանիքի ունեցվածքի մասին խոսելով՝ նշեց, որ իրենք կհրապարակեն, թե ով ինչ ունի ու ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը՝ 6 մլն դոլար կաշառքի արդյունքում:

Այս և այլ արտահայտությունների համար է Սեդրակ Քոչարյանը հայց ներկայացրել Վանեցյանի դեմ ու գտնում է, որ այդ արտահայտությունները չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն և վիրավորանք են պարունակում, արատավորում են իր պատիվն ու արժանապատվությունը:

Մամուլի ասուլիսից հետո Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ասուլիսի օրը խոսել է ոչ թե փաստերով, այլ էմոցիաներով, ըստ էության, հերքել է, թե Սեդրակ Քոչարյանն անցնում է կաշառքի առթիվ հարուցված որևէ գործով:

Սեդրակ Քոչարյանի կողմից հայցը ներկայացնելու պահին վերջինս «Կոնգրես» հյուրանոցի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չի ունեցել, սակայն հետագայում ԱԱԾ-ն նրան խոշոր չափով հարկեր չվճարելու և փողերի լվացման մեղադրանք է առաջադրել:

x