«Մարտի 1»-ի՝ նախաքննության փուլում գտնվող գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ |pastinfo.am|

pastinfo.am: Հատուկ քննչական ծառայությունում քննվող «Մարտի 1»-ի քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավված 6 անձ։ Գրավոր հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց Դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Պետրոս Պետրոսյանը։

Նշենք, որ գրավոր հարցմամբ խնդրել էինք տեղեկություն տրամադրել «Մարտի 1»-ի՝ նախաքննական փուլում գտնվող քրեական գործի մասին՝ հաշվի առնելով դրա նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը եւ տեղեկատվություն ստանալու շահը։ Մասնավորապես, խնդրել էինք նշել, թե 2018-2019 թթ քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նախաքննական մարմնի քանի՞ որոշման օրինականություն է ստուգվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից։ Արդյո՞ք հսկողություն իրականացնող դատախազի կողմից ստուգվել են Նախագահի նախկին օգնականներ Գեւորգ Կոստանյանի եւ Գեւորգ Մհերյանի, ինչպես նաեւ՝ Արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումներ (նկատի ունենալով, որ նշված անձանց անունները շոշափվում են Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքում)։ Խնդրել էինք նշել նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող «Մարտի 1»-ի քրեական գործով այս պահի դրությամբ քանի՞ մեղադրյալ կա եւ քանի՞ հետախուզվող։ Եթե նրանց անունները հանդիսանում են նախաքննական գաղտնիք, խնդրել էինք նշել միայն թիվը եւ նրանց առաջադրված մեղադրանքների հոդվածները։

Դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտնել է, որ նշված ժամակահատվածում քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ չեն կայացվել. «Հարցման մեջ նշված անձանց նկատմամբ քրեական գործով դատավարական որոշումներ չեն կայացվել»,-նշել է նա։

Պետրոս Պետրոսյանը հայտնել է նաեւ գործում որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը. «2008 թվականի մարտի 1-ին եւ 2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների կապակցության ՀՔԾ-ում քննվող քրեական գործով նշված իրադարձությունների առնչությամբ որպես մեղադրյալ ներգրավված է 6 անձ»,-նշել է նա՝ հավելելով, որ հարցման մեջ նշված մյուս հանգամանքները նախաքննության արդյունավետության շահով պայմանավորված հրապարակման ենթակա չեն։

Նշենք, որ ավելի վաղ նույն գրավոր հարցմամբ դիմել էինք նաեւ Հատուկ քննչական ծառայություն, որտեղից մեր հարցմանն ի պատասխան որեւէ տեղեկություն չէին տրամադրել անգամ մեղադրյալների թվի մասին։ Ստացված պատասխանում ասվում էր միայն, որ գործով նախաքննությունը շարունակվում է, և նախաքննության շահերից ելնելով` գործի վերաբերյալ մանրամասներ չեն կարող հայտնել:

Հավելենք, որ մինչ այս պաշտոնական հաղորդագրություն եղել է մեղադրյալներից միայն 2-ի մասին։ Առաջինը գործով քննչական խմբի նախկին ղեկավար, հետախուզման մեջ գտնվող Վահագն Հարությունյանն է, ով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 38-349 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ ապացույցներ կեղծելը, որը կատարվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով, 308–րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով: Երկրորդ մեղադրյալը Ոստիկանության ներքին զորքերի շտաբի պետ Գեղամ Պետրոսյանն է, ում մեղադրանք առաջադրվեց հունիսի 7-ին, ՀՀ ՔՕ-ի 104-րդ հոդվածի 1-ին մասով, մասնավորապես՝ 2008 թվականի մարտի 1-ին հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։

x