Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը |armenpress.am

armenpress.am։ «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացավ աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:

Առաջին Էդքեմփ Հայաստանն արդեն գրանցել 400 մասնակից Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից:

Էդքեմփը նախատեսված է գործող և ապագա ուսուցիչների, դպրոցական հոգեբանների, լոգոպեդների, ուսուցչի օգնականների, դպրոցների ղեկավարության համար:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց համաժողովը, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:

«Այս հարթակը շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելու առումով և կարծում եմ, որ Էդքեմփը կարող է գործընկեր դառնալ նախարարությանը: Այն բարեփոխումները, որոնք սկսել ենք իրականացնել կրթության ոլորտում՝ բավականին ծավալուն են»,- նշեց նախարարը և հավելեց, որ ուսուցիչների մեծ թվով ներկայությունը խոսում է ծրագրի կարևոր և հետաքրքիր լինելու մասին:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը նշեց, որ նմանատիպ ուսուցչական-կրթական կոնֆերանս Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա որակյալ կրթություն՝ զարգացնելով իր բոլոր տաղանդները:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն մեր պայծառ ապագայի հիմքը: Այն ինչ անում ենք այսօր՝ ապագայում մեծ փոփոխությունների է հանգեցնելու»,- ասաց Ռադոչայը:

x