Սեւանա լճի առափնյա մի քանի հարյուր հեկտարը «տերեր» ունի, բայց պայմանագրեր չկան. Գեղարքունիքի մարզպետ |news.am|

news.am:  Սեւանա լճի առափնյա տարածքների վաճառքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի շարք տարածքներ փաստագրված չեն, պայմանագրեր չկան: Այս մասին այսօր ասել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայարարությանը, թե Սեւանա լճի առափյնա հատվածների համար ծիծաղելի գներով պայմանագրեր են կնքել, հեկտարների համար՝ կոպեկներ վճարել:

«Ծիծաղելի գնով, այո, վաճառվել են: Եվ վարչապետի հանձնարարությամբ կազմվել է հանձնաժողով, որին մասնակցել է նաեւ Գեղարքունիքի մարզպետարանը: Եվ այդ ամբողջ ուսումնասիրության արդյունքում մի քանի հարյուր հեկտարի են հասնում հայտնաբերված տարածքները: Ինչու եմ ասում հայտնաբերված տարածք, քանի որ առաջին հայացքից այդ տարածքները օգտագործվում են, կառուցվում են, «տեր» կա, բայց ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք տարածքներ փաստագրված չեն, վարձակալության պայմանագրեր չկան, եւ նման կերպ էլ տարիներ շարունակ օգտագործվել է»,- ասաց մարզպետը:


Մարզպետն ասաց, որ հնարավոր է որոշ պայմանգրեր խզվեն կամ նոր պայմանագրեր կնքվեն՝ բայց արդեն ոչ ծիծաղելի գներով. «Ես չեմ բացառում, որ կարող են լինել դեպքեր, որոնք նաեւ իրավական որոշակի ընթացք ստանան»:

Հարցին՝ արդյոք Գեղարքունիքում կասկածելի աճուրդներով վաճառված հողեր կան, Սանոսյանն ասաց, որ բոլոր մարզերում էլ այդ խնդիրը կա. «Իհարկե ունենք, բոլոր մարզերում կա այդ խնդիրը, մի տեղ շատ, մի տեղ քիչ: Տարբեր աճուրդներ են կազմակերպվել՝ սահմանված գնից ցածր, օրենսդրական որոշակի բացեր կան, որոնք թույլ են տվել, որ 50 տոկոսով սահմանեն աճուրդ: Առաջին հայացքից կարող է թվալ՝ ոչինչ չկա, բայց երբ նայում ես՝ ովքեր են ձեռք բերել հողերը, եւ շատ դեպքերում համայնքի ղեկավարին շրջապատած հարազատներն են, հասկանում ես՝ ինչու են մեկնարկային ցածր գին սահմանել»:

Մարզպետ Սանոսյանի խոսքով՝ վիճելի աճուրդներ հիմնականում եղել են Վարդենիսի տարածաշրջանում. «Վարդենիսում մեր մարզի բերրի վարելահողերն են: Այս պահին անուններ չեմ կարող նշել, բայց Վարդենիսի գրեթե բոլոր համայնքներում կա նման խնդիր: Այս պահին կան պայմանագրեր, որոնք լուծարման ընթացքի մեջ են»:

 

x