Հոնկոնգում ցույցերը շարունակվում են. ցուցարարների հետ բախման հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց |tert.am|

tert.am։ Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում ցուցարարների հետ բախման հետևանքով ոստիկանության 13 աշխատակից է վիրավորվել, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Հոնկոնգի ոստիկանության տարածած հաղորդագրությունը:

Երկուշաբթի առավոտյան ցուցարարներն անհայտ հեղուկ են նետել ոստիկանների ուղղությամբ, որի հետևանքով ոստիկանները տարբեր բնույթի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության համաձայն՝ մի խումբ ցուցարարներ արգելափակել են ճանապարհը և հարձակվել ոստիկանական արգելապատնեշի վրա:

«Ոստիկանության աշխատակիցները դեպքի վայրում վնասվածքներ են ստացել, նրանցից ոմանք շնչառության հետ կապված դժվարություններ են ունեցել, ինչպես նաև ունեցել են այտուցված և քոր առաջացնող մաշկ: Տասներեք սպաներ ուղարկվել են հիվանդանոց՝ բուժման»,-ասված է ոստիկանության հայտարարության մեջ։

Ցուցարարները նաև փորձում են ներխուժել Օրենսդիր խորհրդի շենք, սակայն դրսում գտնվող և Հոնկոնգում ժողովրդավարության օգտին հանդես եկող խորհրդարանականները փորձում են հանգստացնել նրանց և հետ պահել բռնի գործողություններից:

Ցուցարարները դեմ եմ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշմանը: Շրջանի ղեկավար Քերի Լեմը հայտարարել էր արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ անելու հարցի քննարկումը դադարեցնելու մասին, սակայն դա չէր բավարարել ցուցարարներին:

Օրինագծի հակառակորդները մտահոգված են, որ օրենքում հնարավոր փոփոխությունները թույլ կտան Չինաստանի մայրցամաքային հատվածին հանձնել ոչ միայն կոռումպացված չինացի պաշտոնյաներին, այլև պաշտոնական Պեկինի վարած քաղաքականությանը դեմ ակտիվիստներին:

x