Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք |hetq.am|

hetq.am։ Ովքեր եւ ինչպես են վարձակալել Հայաստանի անտառային տարածքները

«Հետք»-ը սկսել է ուսումնասիրել Հայաստանի անտառային տարածքների վարձակալությունների պատմությունը: Շարքի առաջին մասում կանդրադառնանք Սյունիքի մարզում վարձակալությամբ տրված անտառային տարածքներին:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառտնտեսությունում 4 անտառային տարածք է վարձակալության տրամադրվել: Երկուսը՝ «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ին, մեկը՝ Արկադյա Արշակյանին և երրորդը՝ «Զոր-Զոր» ՍՊԸ-ին:

Անտառտնտեսության ղեկավարը՝ անտառային հողերի վարձակալ

Սիսիանի անտառտնտեսության նախկին ղեկավար Արկադյա Արշակյանը նույն անտառտնտեսության հողատարածքները վարձակալել է իր պաշտոնավարման ժամանակ: Արկադյա Արշակյանը 2009 թ.-ից Սիսիան քաղաքում՝ անտառտնտեսության շենքի դիմաց, 0.2 հա հողակտոր է վարձակալել 40 տարի ժամկետով և վճարում է տարեկան 110 հազար դրամ: Արկադյա Արշակյանն այդքանով չի բավարարվել, նա նույն տարում անտառային ևս երկու հողակտոր է վարձակալել, մեկը՝ 8.7 հա, մյուսը՝ 5.62 հա, որոնց համար համապատասխանաբար վճարվում է 105 և 68 հազար դրամ:

Այս հողակտորները վարձակալվել են «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ի միջոցով: Ընկերությունը 2006 թ-ին հիմնադրել է Արկադյա Արշակյանի որդին՝ Արման Արշակյանը, որը արդեն 3 տարի է՝ զբաղեցնում է նույն անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը: 2010 թ.-ից ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը դարձել է Արկադյա Արշակյանը և շարունակում է տնօրինել ընկերության բաժնետոմսերը մինչ օրս: «Նախկինում, եթե չեմ սխալվում, գեսի անվան տակ էր, հիմա չգիտեմ՝ ինչ է անում»,- «Արշակյաններ էներջի» ՍՊԸ-ի գործունեության մասին ասաց Արման Արշակյանը:

ՍՊԸ-ի վարձակալած տարածքների մի մասում վերջին տարիներին պտղատու ծառեր են տնկվել, մյուս մասը հանգստյան գոտի է: Սիսիանի անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանը շահերի բախում չի համարում այն, որ ինքն անտառտնտեսությունն է ղեկավարում, իսկ իր հայրը վարձակալել է անտառտնտեսության տարածքները:

Վարձակալած տարածքները մյուսներից անհամեմատ էժան գներով վերցնելը տնօրեն Արման Արշակյանը այսպես բացատրեց. «Էդ նախկինում է արվել, նախկինում ուրիշ գին է եղել, հիմա ուրիշ գին է, փոխվել է»: Հանգստի գոտի համարվող հատվածում նաև բետոնից ու քարից կառուցված տաղավար կա: Դրա պատճառաբանությունը ղեկավարությունն ունի՝ ազատամարտիկի անունով է կառուցվել, չեն կարողացել արգելել: «Նախաձեռնություններ կան, բայց հլը կոնկրետ բան չկա»,- վարձակալած տարածքների ապագայի մասին ասաց Արման Արշակյանը:

«Արշակյաններ էներջի» ընկերությունը շահագործել է Սյունիքի մարզի Իշխանասարի հրաբխային խարամի հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հրամանով՝ 2019թ. հունվարին դադարեցվել է:

Նախարարի պաշտոնակատարի համար հիմք է հանդիսացել 2018թ. նոյեմբերին ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը և դրա արդյունքում հայտնաբերված խախտումները: Ընկերությունը շուրջ 1,3 մլն դրամի ընդերքօգտագործման վճարների մասով ապառքներ է կուտակել, ինչպես նաև 365 հազար դրամ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով, սահմանված ժամկետներում լիազոր մարմնին չի ներկայացրել 2017թ. հաշվետվությունները:

Սահմանված ժամկետներում չի վերացրել զգուշացման հիմքերը: 2011-2014թթ. ընկերությունը նաև ջրօգտագործման թույլտվություն է ունեցել Որոտան գետի վրա ձկնաբուծական գործունեություն ծավալելու համար:

«Զոր-Զոր» ՍՊԸ-ն, որի հիմնադիր-բաժնետերը Սիսիանում հաշվառված Դավիթ Դավթյանն է, 7 հա է վարձակալել Սիսիանի անտառտնտեսությունից, որի դիմաց վճարել է 84 հազար դրամ: Ընկերությունը պետք է տնկարան հիմներ և ձկնաբուծարան շահագործեր Որոտան գետի վրա, որի շուրջբոլորն անտառային հողեր են: Պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018թ. ապրիլին: Սիսիանի անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանի տվյալներով՝ վարձակալները տարածքը չեն օգտագործել:

Սակայն, մինչ դա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015թ. նոյեմբերին դիմել է Սիսիանի դատարան՝ պահանջելով «Զոր-Զոր» ՍՊԸ-ից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել 616233 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Դատարանը վճարման կարգադրություն է արձակել, որը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:

Անտառային հողերը վարձակալելու համար Կառավարությունը 2010 թ-ին սահմանել է վարձավճարների նվազագույն չափը: Սյունիքի մարզի անտառային հողերը հանգստի նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1 հեկտարի համար սահմանված է առնվազն 216 հազար դրամ տարեկան վարձավճար:

«Հայանտառ» ՊՈԱԿ-ը, օրինակ, «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ից միայն 8.7 հա հողակտորի համար պետք է գանձեր 1 միլիոն 879 հազար դրամ՝ 105 հազար դրամի փոխարեն: «Հայանտառ»-ը, ունենալով վարձավճարը վերանայելու իրավասություն, Կառավարության համապատասխան որոշման ընդունումից 9 տարի անց չի շտապում վերանայել վարձավճարը:

Շարունակույթունը՝ hetq.am

x