Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումները բավարարում են ՀՀ գլխավոր դատախազությանը. Արթուր Դավթյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ դատարանի որոշումները բավարարում են ՀՀ գլխավոր դատախազությանը։

«Ի վերջո, դա մեր բողոքների բավարարումն էր, հետևաբար, բավարարել է», - այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Քոչարյանը հայտարարել է, որ «ոչ օրենք կա, ոչ օրինականություն», դատախազն արձագանքեց. «Շատ քիչ եմ հանդիպել դատավարական այնպիսի կարգավիճակ ունեցող անձանց, ովքեր ասում են՝ կեցցե արդար դատարանը, միայն հայտնի ֆիլմում է այդպես»։

Դիտարկմանը, որ դատավորը խորհրդակցական սենյակ գնաց՝ առանց Քոչարյանի պաշտպաններին լսելու, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Ես խնդրեցի չէ, Էդ թեմային էսօր չանդրադառնանք, բայց ուզում եմ մի բան միշտ իմանաք՝ քրեադատավարական գործընթացները կամ դատավարական իրավունքները տրամաբանություն ունեն, դրանք տրված չեն չարաշահման համար, իրենք արդարադատության լեգիտիմ շահ պետք է ապահովեն, իսկ երբ դու քո կոնկրետ իրավունքը սկում ես իրացնել այնպես, որ դրա արդյունքում վնասվում է արդարադատության շահը, չի կարող այդ գործընթացը դուրս գալ հունից»։

Հարցին՝ եթե առանց դատախազությանը լսելու գնայի՞ն խորհրդակցական սենյակ, գլխավոր դատախազը պատասխանեց. «Շատ լավ կանեին։ Եթե պաշտոնապես կտեսնենք, որ որևէ դատախազ որևէ քննության ընթացքում նմանատիպ վարքագծի կեսը նույնիսկ կցուցաբերի, թող նույն կերպ դիտարկեն մեր կողմից իրավունքի չարաշահում ու մեզ չլսեն։

Եթե պրոցեսները հունից դուրս գան, իրենք կարող է ոչ թե ձգձգման հանգեցնեն, այլ արդարադատության իրականացման անհնարինության հանգեցնեն, ուրեմն դատարանն էդպիսին գնահատեց»։

x