Հայաստանում օտարերկրյա դեսպանատները թաքնվում են պարսպի հետեւում. Լեհաստանը ԱԳՆ-ին «բացատրում է» նոտա հղելու կարգը |hetq.am|

hetq.am։ -Հայաստանի քաղաքացին ինչո՞ւ պիտի վիզա ստանա Վրաստանում,- հարցրեց հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի հայ սահմանապաhը՝ անձնագիրս թերթելով, ապա դուրս եկավ խցիկից, մտավ հարեւան խցիկը, ինչ-որ բան խոսեց գործընկերոջ հետ, դուրս եկավ ու խցիկի հետեւում հեռախոսով ինչ-որ մեկի հետ զրուցեց:

Սահմանապահի հարցն ինձ էլ է հետաքրքրում, ես էլ եմ փնտրում դրա պատասխանը՝ ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացին վիզա ստանա Վրաստանում:
Հիմա՝ այն մասին, թե ինչպես սկսվեց ու ինչ ավարտ ունեցավ այս պատմությունը:

Աշխատաժողով եւ համաշխարհային կոնֆերանս

Հուլիսի 1-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում տեղի է ունենում Գիտական լրագրության բալկանյան դպրոցի 4-րդ աշխատաժողովը, որին հաջորդելու է (հուլիսի 1-4) Գիտական լրագրողների համաշխարհային 11-րդ կոնֆերանսը: Հայտարարված մրցույթն անցնելուց հետո հրավեր ստացա մասնակցել թե՛ աշխատաժողովին, թե՛ կոնֆերանսին: Ընդ որում՝ մասնակից երկրների շարքում Հայաստանից, կարծես, միայն ես եմ:

Համաշխարհային կոնֆերանսի կազմակերպիչը Եվրահանձնաժողովի Միացյալ հետազոտական կենտրոնն է (JRC, Joint Research Centre), որից էլ ստացել եմ հրավերը:

Լեհաստանի դեսպանատուն. չեմ տեսնում, չեմ լսում, չեմ խոսում

Թեեւ Հայաստանում Շվեյցարիան դեսպանատուն ունի, այն հյուպատոսական ծառայություն չի մատուցում, եւ այդ երկրի մուտքի արտոնագիրը՝ վիզան, ՀՀ-ում տալիս է Լեհաստանի դեսպանատունը: Սա Լեհաստանի եւ Շվեյցարիայի միջեւ կնքված համաձայնագրի արդյունք է (Շվեյցարիան ԵՄ անդամ չէ, բայց Շենգենյան գոտու մեջ է մտնում): Երեւանում երկու դեսպանատները իրարից մոտ 200 մ հեռավորության վրա են:

Լեհաստանի դեսպանատանը վիզա ստանալու ընթացակարգի առաջին փուլն էլեկտրոնային համակարգում ընդունելության օր ամրագրելն ու դրանից անմիջապես հետո էլեկտրոնային դիմում-հայտ լրացնելն է: Կան դեսպանատներ, որոնց կայքերում առանց օր ամրագրելու կարելի է ներբեռնել դիմում-հայտի ձեւաթուղթն ու լրացնել թղթային տարբերակը, սակայն Լեհաստանի դեպքում այդպես չէ:

Մեկ շաբաթից ավելի փորձեցի օր ամրագրել, ինչն ուղղակի հնարավոր չէր. դեսպանատան էլեկտրոնային համակարգում միայն նշված էր, որ ազատ օր չկա մինչեւ հունիսի 27-ը, այնինչ իմ թռիչքը նախատեսված էր հունիսի 30-ին:

Առաջին քայլս դեսպանատան էլեկտրոնային փոստին նամակ ուղարկելն էր՝ բացատրելով իրավիճակը եւ խնդրելով ընդառաջել՝ ազատ տեղ բացել հայտի համար: Պատասխանն անդեմ էր ու ոչինչ չասող՝ չեն կարող միջամտել գրանցման գործընթացին, փոխարենը յուրաքանչյուր ուրբաթ Հայաստանի ժամանակով առավոտյան 9-ին կարող եմ հետեւել էլեկտրոնային համակարգում ազատ տեղեր բացվելուն, ինչին ես տեղյակ էի ու միաժամանակ թերահավատ:

Այդուհանդերձ, ուրբաթ օրը ժամը 8:30-ից համակարգչի առաջ անընդհատ թարմացնում էի էլեկտրոնային համակարգի էջը՝ ազատ տեղ գնելու համար, սակայն ուղիղ ժամը 9-ին ազատ տեղ բացելու փոխարեն, համակարգը պարզապես փոխեց ժամկետը՝ նշելով, որ մինչեւ հուլիսի 4-ը օր ամրագրել հնարավոր չէ:

Այս իրավիճակում որոշեցի դիմել կազմակերպչին՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցչին՝ խնդրելով դեսպանատանը ներկայացնել իրավիճակը, սակայն ինձ հայտնեցին, որ Եվրահանձնաժողովն իրավունք չունի միջամտել դեսպանատան աշխատանքներին:

«Գնացեք աղմուկ հանեք եւ կոդ պոկեք»

Այս քաշքշուկի ընթացքում պարզեցի, որ Լեհաստանի դեսպանատան նման գործելակերպին բախվող միակ մարդը չեմ:
Տեղեկություններ ստացա, որ այստեղ դիմողներն անգամ երկու ամիս շարունակ չեն կարողացել օր ամրագրել, մարդիկ էլ կան, ովքեր դիմում են տուրիստական գործակալություններին:

Նրանցից մեկի օրինակով, ով տուրգործակալության միջոցով կարողացել էր օր ամրագրել, գնացի գործակալություն, որը գտնվում է Մոսկովյան փողոցում: Այստեղ լսելով Լեհաստանի անունը՝ անմիջապես ասացին, թե բացառվում է սովորական ճանապարհով (ինչպես հայտարարում է դեսպանատունը) օր ամրագրելու տարբերակը, քանի որ ամեն ուրբաթ հենց տուրգործակալություններից 10-20 աշխատող այդ գործով է զբաղվում, բայց էլի չի կարողանում օր ամրագրել:

Իմանալով Շվեյցարիա այցիս նպատակը եւ լրագրող լինելս՝ տուրգործակալությունում խորհուրդ տվեցին երկու տարբերակով գործել: Առաջինը՝ դեսպանատուն ներկայանալ լրագրողական վկայականով ու որեւէ կերպ աղմուկ բարձրացնել թեմայի վերաբերյալ, մինչեւ ներս կհրավիրեն, ինչից հետո պետք է ընդունելության տեղ ամրագրելու համար «հատուկ կոդ» վերցնել, որը հետո պիտի տրամադրեի տուրգործակալությանը, իսկ մնացածն իրենք կանեին 15 հազար դրամ վճարի դիմաց:

Մեկ այլ գործակալություն նույնն առաջարկում էր 25 հազար դրամով: Երկրորդ տարբերակը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը դիմելն էր: Այս դեպքում եւս, ըստ տուրգործակալության աշխատակիցների, դեսպանատունն ինձ պիտի տար այդ «հատուկ կոդը»՝ համակարգում գրանցվելու համար: Միաժամանակ խորհուրդ տվեցին, թե քանի որ «կոդը» մեկանգամյա օգտագործման է, այն չփչացնելու համար իրենց ծառայությունից օգտվեմ:

Նույն օրը որոշեցի աշխատանքային գործունեությանս ընթացքում առաջին անգամ նման խնդրով դիմել ԱԳՆ-ին. նախարար Զոհրաբ Մնացականյանի անունով նամակ գրեցի:
Լեհաստանի դեսպանատունն անտեսում է ԱԳՆ նոտան
ԱԳՆ դիմելուց օրեր անց ինձ տեղեկացրեցին, որ պատրաստ են օգնել եւ պաշտոնական նոտա կհղեն Լեհաստանի դեսպանատուն:

Նոտան տվեցին անձամբ ինձ՝ նշելով, որ այն կցեմ մյուս փաստաթղթերին եւ ներկայանամ դեսպանատուն: Այդպես էլ արեցի՝ համոզված լինելով, որ ձեռքիս մեջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական գերատեսչության կշիռ ունեցող փաստաթուղթն է, ու նվազագույնը դեսպանատանն ինձ ներս կհրավիրեն: Պահակակետի մոտից զանգեցի հյուպատոսական բաժին, ներկայացրի իրավիճակը, շեշտեցի, որ թղթերիս կից ունեմ նաեւ ԱԳՆ նոտան, սակայն ինքնապատասխանիչի ռոբոտային ձայնով կին աշխատակիցը ասաց, թե ինքը փոխանցում է հյուպատոսի պաշտոնական դիրքորոշումը՝ վիզա ստանալու հարցում ընդառաջում են միայն ծանր հիվանդներին եւ պաշտոնական պատվիրակություններին:

Ստացվում է՝ Լեհաստանի դեսպանատունն այնպիսի պատնեշ է կառուցել ՀՀ քաղաքացիների առաջ, որը հաղթահարելու համար կա՛մ պետք է պաշտոնյա ու պաշտոնական պատվիրակության անդամ լինելու բախտ ունենաս, կա՛մ էլ ծանր հիվանդ լինելու դժբախտություն:

Այս պատասխանից հետո դեսպանատանը կրկին էլեկտրոնային նամակ գրեցի՝ կցելով ԱԳՆ նոտան, որպեսզի համապատասխան պաշտոնյան անձամբ ծանոթանա դրա բովանդակությանը: Նամակի պատասխանը ստացա 2 օր անց միայն, երբ դրա կարիքն այլեւս չունեի: Այս մասին՝ մի փոքր անց:

Մինչ այդ կրկին գնացի դեսպանատուն՝ նպատակ ունենալով վերջնականորեն համոզվել, որ ԱԳՆ նոտան դեսպանատունը հիմք չի ընդունում: Որոշել էի թեմային հանրային հնչեղություն տալ հրապարակման միջոցով, քանի որ Լեհաստանի դեսպանատան արհամարհական գործելաոճին բախված միակ մարդը չէի, բայց որ ավելի տարօրինակ ու վիրավորական էր, ՀՀ պետական դիվանագիտական մարմնի, այսինքն՝ Հայաստան պետության հանդեպ նման կեցվածքն իսկապես անսպասելի էր թե՛ ինձ, թե՛ ԱԳՆ-ի համար, որին տեղյակ էի պահել դեսպանատան արձագանքի մասին:

Վստահ էի, որ դեսպանատան պատասխանը նախորդ օրվա նման է լինելու, եւ ինձ չեն ընդունելու: Կրկին հյուպատոսական բաժին զանգեցի պահակակետի մոտից: Չէի սխալվում՝ պատասխանը նույնն էր: Աշխատակիցը նախ կրկնեց, որ չեն ընդառաջում թեկուզ ԱԳՆ նոտայի առկայությամբ, հետո ավելացրեց, թե հյուպատոսը 3 օրում կպատասխանի իմ ուղարկած էլեկտրոնային նամակին, իսկ ճշգրտող հարցին՝ ԱԳՆ նոտան ձեզ համար հի՞մք է, թե՞ ոչ, այդպես էլ չպատասխանեց: Միայն դժվարությամբ կարողացա պարզել, որ խոսողը ոչ թե հյուպատոսական բաժնից էր, այլ դեսպան Պավել Չեպլակի օգնականը՝ ոմն Մելինե: Ձայնից ենթադրում եմ, որ նույն անձն էր նաեւ նախորդ օրվա իմ հարցերին նմանակերպ պատասխանողը:

 

Ավելին՝ hetq.am-ում

x