Աշխատողներին արգելում են լինել տխուր․ #գործկա

Մինչ էկոնոմիկայի նախարարությունը օրակարգ է բերում աշխատանքային օրենսգրքի հակահեղափոխական նախագիծը, որը մերժվել էր հեղափոխությունից անմիջապես հետո, Կոմունիստական կուսակցությունը զբաղված է մասնավորի շահերը պաշտպանելով, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը բարձր ամբիոններից պնդում են, որ աղքատության հաղթահարման միակ ձևն աշխատանքն է, Հայաստանում աշխատավորը շարունակում է մնալ անպաշտպան, աշխատանքային իրավունքները ոտնահարվում են գրեթե բոլոր ոլորտներում։

Ֆեյսբուքում և այլ սոցիալական ցանցերում տարածված #գործկա հեշթեգը թյուր պատկերացումներ է ստեղծում, որ հայաստանում աշխատանքը շատ է, պարզապես մարդիկ չեն սիրում աշխատել։ Սակայն աշխատանքի հայտարարությունների մեծ մասի պահանջները աբսուրդային են, հաճախ ծաղրական ու ոչ մի աղերս չունեն աշխատանքային ունակությունների հետ, օրինակ, աշխատանքի հայտարարություններում կարելի է հանդիպել այսպիսի պահանջների․

«լինել պոզիտիվ, ֆայմ ունենալ, լինել գիժ և խելառ, գեղեցիկ և պարկեշտ, սպորտային համազգեստի (սպարԾիվկա) հետ դասական կոշիկներ կրողներից զզվել, այսինքն՝ նրբազգաց ու ճաշակով լինել, լինել կրեաԾիվոտ, լինել դալտոնիկ՝ չտեսնի գույները, բայց պարտադիր զգա գույներն ու գուներանգները, ծտի պես ծլվլալ ռուսերեն ու անգլերեն (առնվազն ուրիշի ծլվլոցի տակից դուրս գալու ունակություն ունենալ), կոմպ (համակարգիչ) տեսնելիս երջանկությունից ոտքերը դողան»:

Հասկանալու համար, թե այս պահանջների դիմաց ինչպիսի աշխատանքային պայմաններ են առաջարկում գործատուները, զրուցել ենք տարբեր ոլորտներում աշխատող մի շարք մարդկանց հետ։ Նրանցից ոմանք չեն ցանկացել նշել անունները և աշխատանքի վայրերը։

Ծառայությունների մատուցման ոլորտը Հայաստանում մնում է ամենաչկարգավորվածը։ Մեր զրուցակիցների մեծ մասը, որոնք աշխատել են այս ոլորտում, նշում են, որ չունեն/չեն ունեցել աշխատանքային պայմանագիր։

««Ռետրո սրճարանում» աշխատեցի մեկ ամսից մի քիչ շատ։ Ավելի թունավոր միջավայր չէի տեսել։ Մենեջերների կողմից հոգեբանական ճնշումների պատճառով շաբաթը մեկ աշխոտողներից մեկը լացելով դուրս էր գալիս աշխատանքից։ Աշխատողներին ընդունում էին առանց աշխատանքային պայմանագրի։ Չհաշված նաև այն, որ մատուցողների պարտականությունները ոչ մի տեղ ամրագրված չէին, ու դու անում էիր բաներ, որոնք չպիտի անեիր։ Իսկ հաճախորդների ջարդած բաժակները աշխատողների աշխատավարձից էին հանում», - պատմում է Անին։

Կասկադի սրճարաններից մեկում աշխատող Արմենը պատմում է, որ իրենց 12 ժամ շարունակ թույլ չէին տալիս նստել՝ պատճառաբանելով, որ հաճախորդները կարող են տեսնել իրենց հանգստանալը։

Մեր զրուցակիցները որպես ամենահաճախ հանդիպող խախտումներ նշում են աշխատավարձի ուշացումը կամ բացակայությունը, աշխատանքային ժամերի հետ կապված խախտումները, հոգեբանական ճնշումները, խտրականությունը, հանգստի իրավունքի բացակայությունը և այլն։ Հատկանշական է այն, որ աշխատանքային պայմանագրի առկայությունը չի փրկել աշխատողներին վերը նշված խախտումներից։

«Լիքը բաներ իրականում չեն համապատասխանում նրան, ինչ գրված ա պայմանագրում։ Օրինակ, աշխատավարձի չափի ու արձակուրդների վերաբերյալ կետերը․ ոչ մի տեղ նշված չէր, որ մի տարվա աշխատող պետք ա լինես, որ նոր գնաս արձակուրդ»։

«Ութժամյա գրաֆիկով աշխատելու դեպքում բացակայում էր հանգստի իրավունքը։ Լավագույն դեպքում կարող էիր հանգստանալ ընդամենը 30 րոպե, եթե հաճախորդ չկար։ Նույնիսկ զուգարան գնալու համար պետք էր, որ սրճարանում մարդ չլիներ։ Աշխատել եմ Սիրահարների այգու «Աչաջուր» սրճարանում, այսինքն՝ սրճարանի աշխատողների համար բացակայում էր հանգստի սենյակը, չկար առանձնացված տարածք»։

Արամը պատմում է «Սինաբոն» սրճարանում իր աշխատանքային փորձի մասին․
«Մենեջերը կազմակերպում էր ժողովներ, և հրապարակային կերպով քննադատում էր մարդկանց աշխատանքը՝ անուն առ անուն, կամ պարբերաբար գոռում էր մարդկանց վրա։ Հաճախ այդ ժողովները լինում էին այն ամիսներին, երբ աշխատավարձն ուշանում էր։ Շատ սխալներ էին լինում աշխատանքային գրաֆիկի հետ կապված։ Հաճախ գիշերն ուշ տուն գնալուց հետո առավոտյան գնում էինք աշխատանքի»։

Փաբերում տարածված երևույթ է այն, որ մատուցողներն ու բարմենները մնում են մինչև կգնա վերջին հաճախորդը, շատ հաճախ ստացվում է այնպես, որ նրանք աշխատում են 12-13 ժամ՝ առանց հավելյալ վճարի։ Իսկ թե որքանով են պահպանվում սանիտարահիգիենիկ պայմանները նման վայրերում, ավելորդ է նույնիսկ խոսելը։

Ավելի ծանր է վիճակը նման տարածքներում աշխատող հավաքարարների համար: Օպերայի տարածքում գործող սրճարաններում աշխատող երկու հավաքարարները զրույցի ընթացքում նշեցին, որ աշխատում են առավոտյան 8:30֊ից մինչև գիշերը ժամը չորսը՝ հերթափոխով (ամիսը 15 օր)՝ ստանալով ընդամենը 4000 դրամ օրավարձ 19,5 ժամ աշխատելու համար։ Ստացվում է՝ մեկ ժամի համար նրանք ստանում են 205,1 դրամ՝ աշխատելով շաբաթական 68 ժամ։ Մինչդեռ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ նրանք պետք է աշխատեին շաբաթական քառասուն ժամ, իսկ գիշերային աշխատանքային ժամերի համար հավելավճար ստանային։

Աշխատանքային իրավունքների խախտումները չեն շրջանցել նաև ՏՏ ոլորտը։ Մուրադը, ով աշխատել է «Պիքսարտում», պատմում է․

«Գործը ժամավճարով էր, բայց էդ ոչ մի բան չէր փոխում, որովհետև հիմնականում աշխատում էինք 9 ժամ՝ մի ժամ ընդմիջում, ութ ժամ էլ աշխատանք։ Ու լինում էր, որ երկար էինք մնում։ Այսինքն՝ աշխատանքը ոչ թե ըստ աշխատանքի ժամերի էր, այլ թե ինչքան գործ կա էդ պահին անելու»։

Չնայած որ «Պիքսարտում» բոլորն ունեին պայմանագրեր, Մուրադը նշում է մի շարք խնդիրներ․ «Պայմանագիրդ անժամկետ ա, ոչ մի ձև չի կարգավորվում, քեզ երբ ուզեն կհանեն, ու չի հիմնավորվում ինչի են հանում։ Հանում են մենեջերի ասածի հիման վրա։ Մենեջերն ինչ ուզի, կարա ասի, ու ոչ մեկ չի կարա ասի՝ տենց չի եղել։

Տնօրենը միանշանակ իրա լծակներն ունի՝ կարա ասի՝ չենք հանում իրան, բայց մեծ կորպորացիաներում հավանականությունը մեծ ա, որ տենց բան չի լինի, որովհետև տնօրենները չեն ճանաչում բոլոր աշխատողներին»։

Մուրադը պատմում է, որ «Պիքսարտում» աշխատանքից ազատում են երեք նախազգուշացումներից հետո․ «Հոգնածության մասով այլ բան եմ ուզում ասել․ երբ քո ոչ աշխատանքային օրն ա, բայց դու պիտի գաս միթինգի/ժողովի, որովհետև էդ օրը ժողով ունեք, էդ պարտադիր պայման էր, դրա համար ես երկու անգամ նկատողություն եմ ստացել, որովհետև գիշերվա շիֆթից հետո չեմ գնացել, քնած եմ եղել։ Ու վերջում, երբ ինձ գործից հանեցին, էդ երկու նկատողություններն էլ մեջը մտնում էին, այսինքն՝ երրորդը տվեցին ու հանեցին»։

Քանաքեռ֊Զեյթունում գործող մարքեթինգային կազմակերպություններից մեկում աշխատողներին արգելվում է լինել տխուր։ Տնօրենը ասել է, որ դա կարող է ազդել ամսվա վերջում աշխատողի կողմից հանձնվող որակավորման գործակցի վրա։ Ստորև ներկայացնում ենք տնօրենի կողմից ուղարկած մեյլը․

«Ամեն օր դեմքդ մոնիտորինգ եմ անելու, եթե պանիկված ու դեպրես վիճակները գերակշռեցին, հաշվելու եմ, որ չես հասել KPI-ին, կան կետեր, որոնք վերաբերում են թիմային աշխատանքին, դա ևս պիտի վերահսկես»։

Մեր զրուցակիցը նշում է, որ իր տխուր լինելը ոչ մի կերպ չի ազդում աշխատանքի արդյունավետության վրա․ «Բայց էդ ընդհանրապես կապ չունի ձեր հետ, առավել ևս չի ազդում իմ աշխատունակության, պրոդուկտիվության վրա։ Իրանց «քուլ» աշխատողներ են պետք։ Ահավոր վերահսկողություն ա, նույնիսկ «Աչաջուրում», որտեղ հազար հատ կամերա կար, ես ինձ տենց չէի զգում»։

Մեկ այլ մարքեթինգային կազմակերպության աշխատակիցներից մեկը պատմում է, որ զուգարան գնալը նույնպես վերահսկվում է։ Զուգարան կարելի է գնալ երեք րոպեով, ոչ ավել, հակառակ դեպքում նկատողություն ես ստանում։

Քիչ չեն նաև աշխատավայրում սեռական բռնություններն ու ոտնձգությունները։ Մեր զրուցակիցներից մեկը պատմում է իր հետ պատահած դեպքի մասին․ «Ես աշխատում էի մի կազմակերպության զանգերի սպասարկման կենտրոնում։ Տնօրերնիս հետ «Ֆեյսբուք»֊ում ֆրենդներ էինք։ Նոր էի ընդունվել գործի, սկսեցինք «ֆեյսբուք»֊ով խոսել։ Խոսակցությունը սեքսին հասավ, ու ուղիղ տեքստով առաջարկեց հետը սեքս անել։ Էն ժամանակ վախեցած էի, ցրեցի։

Դրանից հետո, երևի երբ զգաց, որ բան չի լինելու, կտրուկ փոխեց վերաբերմունքը։ Գալիս հարցնում էր, թե ինչի գործս նորմալ չեմ անում, չնայած անում էի։ Մի անգամ ֆեյսբուքյան ստատուսիս տակ գրել էր՝ «գնա գործդ արա», չնայած հետո հասկացավ, որ դա իմ աշխատանքային ժամը չէր։ Ինչ-որ պահից արդեն չէր էլ բարևում»։

Հրազդանում գործող պահածոների գործարաններից մեկի աշխատակիցը ևս պատմում է խախտումների մասին։ Մասնավորապես, երեք ամիս աշխատելուց հետո աշխատակիցներին չի տրվել աշխատավարձ, փոխարենը տվել են մթերքներ (ձեթ, պահածոներ, խտացրած կաթ)։ Աշխատողները նախապես չեն իմացել վարձատրության նման ձևի մասին։ Իսկ երբ աշխատողներից մեկը հրաժարվել է վերցնել, տնօրենն ասել է, որ «լավ կանի, որ վերցնի, թե չէ շուտով դա էլ չի լինի»։

Աշխատանքային իրավունքների խախտումներն, իհարկե, չեն սահմանափակվում միայն այս դեպքերով, դրանք ներառում են բոլոր ոլորտները, իսկ աշխատանքային օրենսգրքի նոր նախագծով էլ ավելի կշատանան ու նոր թափ կառնեն։

Անի Թադևոսյան

x