Կառավարությունը հաստատեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը |aysor.am|

aysor.am: Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կանոնադրությունը։

Այսպիսով՝ Կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի կապի և ավտոմատ կառավարման համակարգերի վարչություն, հրթիռային զորքերի և հրետանու վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու վարչություն, հակաօդային պաշտպանության զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի հակաօդային պաշտպանության զորքերի վարչություն, ավիացիայի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ավիացիայի վարչություն, ինժեներական զորքերի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ինժեներական զորքերի վարչություն, անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչություն, թիկունքի վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի թիկունքի վարչություն, սպառազինության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի սպառազինության վարչություն, ռազմաբժշկական վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռազմաբժշկական վարչություն, զորքերի ծառայության և զինվորական ծառայության անվտանգության ապահովման վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի զորքերի ծառայության վարչություն, ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության վարչությունն անվանափոխվում է Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության զորքերի վարչություն, իսկ ֆինանսական վարչությունն անվանափոխվում է գլխավոր շտաբի ֆինանսական վարչություն:

Գլխավոր շտաբի կառավարումն իրականացնում է պաշտպանության նախարարը, իսկ գլխավոր շտաբի պետը ղեկավարում է գլխավոր շտաբի գործունեությունը, պատասխանատու է գլխավոր շտաբին առաջադրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար։

Գլխավոր շտաբի նպատակն է` ապահովել զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության պաշտպանության, անվտանգության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ռազմական բաղադրիչի ապահովման ուղղությամբ Կառավարության քաղաքականությունը:

Գլխավոր շտաբի խնդիրներն են` օրենքով սահմանված զինված ուժերի խնդիրների կատարման ապահովումը., հավանական պատերազմի և ռազմական գործողությունների վարման մեթոդների ու միջոցների, ռազմական սպառնալիքների կանխատեսման, գնահատման և կանխարգելման միջոցառումների պլանավորման ապահովումը, զինված ուժերի մարտական պատրաստության, մարտական և զորահավաքային անհրաժեշտ պատրաստականության ապահովումը, զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային ու ռազմավարական (օպերատիվ) ծավալման կազմակերպման ապահովումը, զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստության և հայրենասիրական դաստիարակության, զինվորական կարգապահության ամրապնդման ապահովում, պահեստազորային պատրաստության իրականացման ապահովումը, զինվորական կառավարման համակարգի զարգացման ապահովումը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտպանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի «բ» ենթակետի պահանջների համաձայն ԶՈՒ գլխավոր շտաբի կանոնադրությունը հաստատելու անհրաժեշտությամբ:

x