Սեւանի մաքրման ծավալներն այս տարի ավելի են մեծացել․ Էրիկ Գրիգորյան

Այս տարի ջրամբարներում ջուր կա և Սեւանից ավելի քիչ ջրառ կլինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ինչքան հնարավոր է, նվազեցվել է ջրառը։ Արարատյան դաշտի պամպակայանները աշխատում են ավելի ինտենսիվորեն»,- ասաց նա։

Ամեն տարի Սեւանի մաքրման աշխատանքների համար տրամադրվում է մոտ 100 մլն դրամ։ Ըստ նախարարի՝ այս տարի գումարը նույնն է մնացել, սակայն մաքրման ծավալներն ավելի են մեծացել։

«Մաքրման աշխատանքները մի մասը ջրում է կատարվում, մի մասը ցամաքում։ Մենք մտածեցինք, որ ցամաքում մաքրման աշխատանքների համար ֆինանսավորում չենք հատկացնի և այդ աշխատանքը կանեն համայնքները։ Իսկ ջրում մաքրման համար ուսումնասիրվել է և պարզվել, որ մաքրման ենթակա 770 հա տարածքի մասին է խոսքը։ Այս տարի մրցույթ է հայտարարված մաքրման աշխատանքների համար։ Եթե նախկինում մաքրվում էր 60-70 հա, ապա մենք նախատեսում ենք, որ տարեց տարի կմեծանա մակերեսը և 2020-2021 թվականների համար կմաքրվի 250-300 հա»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։

Ըստ նրա լճի աղտոտվածության մեծացման պատճառները շատ են․ կեղտաջրերը, շատացող ռեստորանների թափոնները, բնակչության կողմից մեծացող աղբը և այլն։

Անդրադառնալով հարցին, թե ինչու վերջին տարիներին Սեւանը կանաչում, Էրիկ Գրիգորյանը նշեց․ 

«Այդ կանաչումն ունի տարբեր աղբյուրներ։ Հիմնականում կանաչելը կապված է կապտականաչ ջրիմուռների հետ, որոնք շատանում են։ Այսինքն լիճ է լցվում տարբեր օրգանական նյութեր, որոնք ունեն ֆոսֆոր և ազոտ»- ասաց նա։

x