Ռազմաքաղաքական իրադրությունն աշխարհում ազդել է ՀԱՊԿ անդամ երկրների համատեղ աշխատանքի վրա.Վալերի Սեմերիկով |news.am|

news.am: Ռազմաքաղաքական եւ ռազմավարական իրադրությունն աշխարհում եւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում էական ազդեցություն է գործել համատեղ աշխատանքի վրա, եւ ստիպված ենք եղել օպերատիվորեն արձագանքել ցանկացած փոփոխության։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Նուր Սուլթան տեսակամրջի ընթացքում հուլիսի 4-ին ասել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի պաշտոնակատար, գեներալ-գնդապետ Վալերի Սեմերիկովը։

Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի նախնական արդյունքները մանրամասն քննարկվել են ՀԱՊԿ համապատասխան իրավապահ մարմինների՝ ապրիլին եւ հունիսին տեղի ունեցած նիստերի ընթացքում, ինչպես նաեւ այլ ձեւաչափերի շրջանակում։

Սեմերիկովը նշել է, որ հիմնականում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հրատապ հարցեր։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտուն, ապա, իհարկե, դիտարկվել են իրավիճակն Աֆղանստանում եւ դրա ազդեցությունը Կենտրոնասիական տարածաշրջանի երկրների վրա, այդ թվում տաջիկ-աֆղանական սահմանին։ Կովկասյան ուղղությամբ՝ դա եղել է լարվածությունը ղարաբաղյան հակամարտության չկարգավորվելու, ինչպես նաեւ Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Վրաստանի տարածքի ռազմական յուրացման գործընթացի հետ կապված»,- պարզաբանել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը։

x