Բացահայտվել է Լուսահովիտ համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքը. մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի բնակչին

ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարին ծանր մարմնական վնաս հասցնելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել Իջևան քաղաքի 41-ամյա բնակչին:

2019 թվականի հունիսի 14-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Իջևան քաղաքում Տավուշի մարզի Լուսահովիտ համայնքի ղեկավար Գրիգոր Սարհատյանի ուղղությամբ հրազենով կրակ էին արձակել՝ պատճառելով աջ ազդրի բազմաբեկորային բաց տեղաշարժով կոտրվածք, տրավմատիկ շոկ ախտորոշումով մարմնական վնասվածք, ինչ արդյունքում, բժշկական կենտրոն տեղափոխվելուց հետո, Գրիգոր Սարհատյանի աջ ազդրոսկրի վերին երրորդականի ամպուտացիա է կատարվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Համայնքի ղեկավարը ճանաչվել էր տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են վկաներ, կատարվել են առգրավումներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, համալիր դատաձգաբանական և դատահետքաբանական:

Իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Իջևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1977 թվականին: Վերջինս ձերբակալվել է:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Իջևան քաղաքի՝ 41-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1֊ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

x