Թուրքիայում հայտնել են Սիրիայի հարցով երկրորդ քառակողմ գագաթնաժողովի անցկացման ժամկետները |tert.am|

tert.am:  Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի հարցով երկրորդ քառակողմ գագաթնաժողովը տեղի կունենա Ստամբուլում՝ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին: Ինչպես գրում է ria.ru-ն, այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը:

«G20-ի անդամ երկրների ղեկավարների գգաթնաժողովի շրջանակում մենք պայմանավորվել ենք Թուրքիայի, Ռուսաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ երկրորդ գագաթնաժողով անցկացնել: Նման հանդիպում առաջին անգամ տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերին Ստամբուլում: Երկրորդ հանդիպումը նույնպես Ստամբուլում տեղի կունենա: Հնարավոր է՝ այն անցկացվի օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին՝ մինչև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի մեկնարկy»,- լրագրողներին հայտնել է Քալընը:

Նա հավելել է, որ այս գագաթնաժողովի շրջանակներում համակողմանի քննարկումներ կընթանան անվտանգության և առաջին հերթին Սիրիայում տիրող իրավիճակի հարցով:

«Ժամանակակից աշխարհում, որտեղ ամեն ինչ փոխկապակցված է, ոչ մի երկիր ինքնուրույն չի կարող լուծել բոլոր խնդիրները, դրա համար էլ կարևոր է, որ շահագրգռված երկրները միավորեն ջանքերը»,- նշել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը:

x