Իրավապահ մարմինները խուսափում են պաշտոնյաների՝ զինծառայությունից ազատման հիմքերի ստուգումների մասին հարցից |hetq.am|

hetq.am: Ոստիկանությունը, գլխավոր դատախազությունը և քննչական կոմիտեն հրաժարվում են պատասխանելուց թե արդյոք զինծառայությունից առողջական հիմքով ազատված պաշտոնյաների զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունը ստուգվում է, թե ոչ:

Տեղեկացնենք, որ մենք շուրջ 30 գործող պաշտոնյաների, ինչպես նաև նախկին պաշտոնյաների որդիների տվյալներ էինք ուղարկել նշված կառույցներին՝ հետաքրքրվելով, թե արդյոք վարչապետի հանձնարարականի շրջանակում նրանց զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ստուգվե՞լ է, թե՝ ոչ, հարուցվե՞լ է քրեական գործ, և ո՞ր դեպքում է որոշվել ստուգել որևէ քաղաքացու՝ զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունը:

Ցանկում ներառված էին փոխվարչապետ, նախարարներ, կառավարության անդամներ, պատգամավորներ, նախկին պատգամավորների, գործարարների, դատավորների որդիներ: Մենք ներկայացրել ենք զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված այն անձանց տվյալները, որոնց ոչ պիտանի ճանաչվելուց հետո չի անցել հինգ տարի, քանի որ պաշտպանության նախարարի 058 հրամանի համաձայն՝ զորակոչիկի անձնական գործում առկա փաստաթղթերը ոչնչացվում են զորակոչիկի՝ պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելուց հինգ տարի անց:

Հետևաբար եթե զորակոչիկի էպիկրիզները (հիվանդության պատմությունները) ոչնչացվում են, երբ զորակոչիկի՝ պարտադիր զինծառայության համար ոչ պիտանի լինելը փաստող կենտրոնական բժշկական հանձնաժողովի եզրակացությունից անցել է հինգ տարի, ուստի նույնիսկ մեծ ցանկության դեպքում հնարավոր չէ պարզել այդ անձը օրենքով սահմանված հիմքով է ազատվել զինծառայությունից, թե ոչ:

Մեկ այլ խնդիր էլ առկա է վիրահատական միջամտությունների դեպքում: Առհասարակ զինծառայությունց ազատման համար տարածված առողջական խնդիրներից է տեսողության հիմքով ազատվելը: Շատ են դեպքերը, երբ քաղաքացին տեսողության հիմքով ազատվում է զինծառայությունից, ապա տարիներ անց վիրահատվում, և իր մոտ այլևս նման առողջական խնդիր չի լինում: Չխախտելով անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը՝ հայտնենք, որ գործող պաշտոնյաների մեջ ևս կան այդպիսիք:

Ոստիկանությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ առողջական խնդիրներով զինծառայությունից ազատված զորակոչիկների վերաբերյալ գլխավոր դատախազությունից ստացված տվյալներով ոստիկանությունում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները տրամադրվել են գլխավոր դատախազությանը։ Այդ տեղեկությունը, սակայն, ոստիկանությունը հրաժարվել է տրամադրել՝ հղում կատարելով տեղեկավության ազատության մասին օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասին, ըստ որի՝ այն պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք:

Հիշեցնենք, որ ավելի վաղ գլխավոր դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ առողջական հիմքով զինծառայությունից ազատված 363 զորակոչիկների տվյալները ստուգվում են, և նրանց թվում են նաև նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ: Մենք փորձում էինք ճշտել այդ ստոգումներոմ ներառվա՞ծ են արդյոք գործող պաշտոնյաներ, քանի որ վարչապետ Փաշինյանը վստահեցրել էր, որ իր թիմակիցների՝ զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը ևս ստուգվելու է:

Այժմ դատախազությունից ստացել ենք ընդհանրական պատասխան, որ ուսումնասիրությունները կրում են պարբերական բնույթ, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության, հետևաբար ուսումնասիրվում են նաև նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը:

«Ձեր նախորդ գրությանը պատասխանվել է, որ զինվորական դատախազության կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում շուրջ 363 զորակոչիկների տվյալներ ուղարկվել են իրավապահ մարմիններին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմամբ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար, որոնց թվում են եղել նաև ձեր գրությամբ նշված որոշ անձանց տվյալներ»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում:

Ավելին՝ hetq.am-ում

x