Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, միգուցե մեր սպասումները չարդարացվեն, և այն մի փոքր ուշանա․ Վիկտոր Ենգիբարյան |tert.am|

ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի կյանքի կոչման հետ կապված որևէ խոչընդոտ  լինել չի կարող։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վիկտոր Ենգիբարյանը։ Նա նկատեց, որ կառավարությունում գործում է ՀՀ-ԵՄ համաձայնագիր կիրարկման միջգերատեսչական հանձնաժողով, որը պարբերաբար նիստեր է գումարում։

«Այս պահին համաձայնեցվում է գործողությունների ծրագիրը, համաձայնագրի կիրարկման ծրագիրն ուղարկվել է Բրյուսել, որտեղ համաձայնեցվում է գործընկեր կառույցների հետ։ Իրենք արդեն արել են իրենց դիտարկումները՝ ծրագրի կիրարկման գործողությունների վերաբերյալ և ընդհանուր առմամբ, գնահատվում է գերազանց։ Մենք իրենց կողմից տրված առաջարկներն այս պահին քննարկում ենք, մեկ ամսից հետո կսկսի բուն կիրարկումը»,- ասաց նա։ 

Ենգիբարյանը գիտի, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը դեռևս նախորդ տարի էր պատրաստ, բայց վստահեցնում է՝ գործընթացը չի դանդաղում, ավելին՝ հավելեց, որ ոչ թե ժամկետների մեջ են, այլ մի բան էլ առաջ են։  Պատգամավորը չի կարծում, թե Եվրոպական խորհրդարանի ընտրությունները կարող են դանդաղեցնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրի վավերացումը։ 

Դիտարկմանը, թե տեսակետ կա, որ ԵՄ անդամ երկրները չեն շտապում վավերացնել ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը՝ ցույց տալու դժգոհությունը՝ կապված Փաշինյան-Պուտին հաճախ հանդիպումների հետ, Ենգիբարյանը պատասխանեց․ «Բոլոր հանդիպումների ժամանակ, որը մեր խորհրդարանի առանձին պատգամավորներ ունենում են եվրոպական գործընկերների հետ, փաստվում է, որ մեր գործընկերները ժամկետներն ուրվագծում են։ Օրինակ՝ Գերմանիայի պառլամենտ հարցը կմտնի գարնանը և այլն։ Այսինքն՝ այստեղ գործ չունենք  արհեստական խոչընդոտների հետ, հակառակը՝ մենք ստանում ենք բազմաթիվ հավաստիացումներ, որ նման խոչընդոտներ չկան։ Մենք գործ ունենք ազգային օրենսդրությունների հետ, քանի որ 28 երկրներից ամեն մեկն ունի իր օրենսդրությունը, որոշ դեպքերում մենք գործ ունենք երկպալատանի խորհրդարանի հետ և այլն»։ 

Պատգամավորը՝ համաձայնագրի վարեցման վերջնական ժամկետը շահարկելը կեղծ օրակարգ  է համարում։ Փոխարենը նա համակարծիք է այն դիտարկումների հետ, որ խնդիր կա վիզաների ազատականացման գործընթացի հետ։ Միևնույն ժամանակ վստահեցնում է՝ խնդրի հիմքում ՀՀ-ի հետ հարաբերությունները չեն։ 

«Վիզաների ազատականացման հետ կապված մտավախություն կա, միգուցե մեր սպասումները չարդարացվեն և այն մի փոքր ուշանա։ Սակայն սա կապված է այն հանգամանքի հետ, որ  Վրաստանի և  Ուկրաինայի վիզաների ռեժիմի ազատականացման արդյունքում մեծ խնդիրներ են առաջացել՝ տասնյակ հազարավոր քաղաքացիներ այս երկրներից մեկնում են ԵՄ և խախտում են վիզաների ռեժիմը, ինչը հավելյալ բարդություն է առաջացնում ԵՄ ներսում ևս մեկ երկրի հետ նման ազատականացում նախատեսելու ճանապարհին։

Սա որևէ կերպ ՀՀ-ի հետ կապված չէ, այս պահին և՛ ԱԳՆ-ն, և՛ Ոստիկանություն զբաղվում են այս խնդիրներով, իսկ մենք՝ որպես խորհրդարան, բոլոր հանդիպումների ընթացքում բարձրաձայնում ենք այս հարցին կարևորության մասին»։
Վիկտոր Ենգիբարյանի խոսքով՝ իրենց քաղաքական ուժը ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացումը չի դիտարկում մի քանի գրանտային ծրագրի շրջանակում, այլ ՀՀ տնտեսությունը, իրավական, հասարակական-քաղաքական համակարգը բարեփոխելու դիտանկյունից է տեսնում։

«ՍԵՊԱ-ն իրենից բարեփոխումների լուրջ փաթեթ է ներկայացնում, սա մենք նաև դիտարկում ենք որպես մեր տնտեսությունը և այլ համակարգերն առողջացնելու ու բարեփոխելու գործիք»,- եզրափակեց Վիկտոր Ենգիբարյանը։

tert.am

 

x