Թուրքիայի հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին փլուզման վտանգի մեջ է |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի Կեսարիայի նահանգի Թոմարզա շրջանում (հայկական նախկին Տոմարածին գյուղ) հայկական Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին անմխիթար վիճակում է գտնվում: Եկեղեցու տանիքի քարե սալիկները ճաքեր են տվել, կոտրվել, իսկ պատերի ստորին հատվածներում ծեփերը թափվել են:

Թոմարզայի մշակութային միության նախկին ղեկավար Հասան Գյուրբյուզը հայտնել է, որ եկեղեցին փլուզման վտանգի մեջ է:

Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին կառուցվել է 1837թ. (1570թ.) տեղական քանդակագործական հատուկ արվեստով և աղյուսներով: 1915թ. Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին որպես պահեստ և կինոսրահ են օգտագործել, իսկ հետագա շրջանում այն լքվել է: Անտարբերության մատնված եկեղեցու քիվերը նույնպես կոտրվել են: Տանիքը խոտով է ծածկվել:

Նշվում է, որ Կեսարիայի հուշարձանների պահպանության վարչության նախաձեռնությամբ, մշակույթի և բնության ժառանգության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ զեկույց է պատրաստվել, որտեղ ներկայացվել է եկեղեցու վերականգնման ծրագիրը: Բայց պատմական եկեղեցին այդպես էլ չի վերանորոգվել:

Հասան Գյուրբյուզը նշել է, որ Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին պատմական և ճարտարապետական կառուցվածքով կարևոր մշակութային ժառանգություն է:

«Մեր ամենամեծ ցանկությունն է վերականգնել եկեղեցին և այն դարձնել զբոսաշրջային վայր: Եկեղեցին վերածվել է աղավնիների բույնի և ամեն պահի փլուզման վտանգի մեջ է: Ակնկալում ենք, որ մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության պաշտոնյաները կզբաղվեն այս հարցով»,-ասել է Գյուրբյուզը:

x