Սպանությունը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն․ քայլերթ ի աջակցություն Խաչատուրյան քույրերի |epress.am|

epress.am: Հուլիսի 6-ին Երևանի կենտրոնում մի քանի տասնյակ մարդիկ դուրս էին եկել քայլերթի՝ պահաջելով ազատ արձակել Մոսկվայում հոր սպանության մեջ մեղադրվող Անգելինա, Քրիստինա և Մարիա Խաչատուրյաններին, իսկ նրանց դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորել որպես ինքնապաշտպանություն։ Քայլերթը մեկնարկեց Ազատության հրապարակից և շարժվեց դեպի Հյուսիսային պողոտա։ Ցուցարարներն անցնում էին պողոտայի սրճարանների կողքով՝ վանկարկելով «Ո՛չ բռնությանը՝ փողոցում և տանը», «քույրերը մեղավոր չեն», «Ազատություն Խաչատության քույրերին»։ Քայլերթը ավարտվեց կինո Մոսկվայի մոտ։

Սա ի աջակցություն Խաչատուրյան քույրերի երկրորդ բողոքի ցույցն է Երևանում։ Առաջինը՝ միջազգային սոլիդարության ակցիայի շրջանակներում, տեղի ունեցավ հունիսի 24-ին՝ Ռուսաստանի դեսպանատան դիմաց։

Հիշեցնենք, որ Խաչատուրյան քույրերին, ովքեր մեղադրվում են հոր՝ Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ, հունիսի 13-14-ին վերջնական մեղադրանք է առաջադրվել․ Քրիստինա և Անգելինա Խաչատուրյաններին մեղսագրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105 հոդվածի 8-րդ կետով նախատեսված հանցանքը, այն է՝ խմբակային սպանություն միտումնավոր դիտավորությամբ, որը ենթադրում է 8-ից 20 տարի ազատազրկում։ Կրտսեր Մարիայի, ով հուլիսի մեկին ճանաչվեց անմեղսագիտակ, քրեական գործը կքննվի առանձնացված(դեռևս հայտնի չէ՝ որ հոդվածով)։

Այսինքն՝ առնվազն Անգելինա և Մարիա Խաչատությանների քրեական գործի նախնական որակավորումը մնացել է անփոփոխ․ քույրերի փաստաբաններն ու մեծաթիվ աջակիցները լիահույս էին, որ քննչական մարմինը՝ հաշվի առնելով նախաքննության ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ փաստերը, կփոխի հոդվածը առնվազն «ինքնապաշտպանության սահմանազանցման»։ Արդյունքում փոխվեց միայն հանցագործության դրդապատճառը, որն այժմ պաշտոնապես ձևակերպված է որպես «անձնական թշնամանք՝ պայմանավորված հոր կողմից դուստրերին պատճառված երկարատև ֆիզիկական և հոգեբանական տանջանքներով»։

x