25 տարի արդարության սպասումով․ Հրանտ Գրիգորյանը սպանել է իմ հորը, բայց մնացել է անպատիժ․ Էդուարդ Պողոսյան

Հուլիսի 11-ին Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվելու է լսվել 25 տարվա վաղեմության դատավճռի բեկանման մասին հարցը, որը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը: Խոսքը վերաբերում է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Հրանտ Գրիգորյանի կողմից 1994-ի ապրիլի 16-ին Էջմիծնի բնակիչ, գործարար Մհեր Պողոսյանին կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ հասցնելու գործին։ Վնասվածքների հետևանքով  Մհեր Պողոսյանը մահացել է:

Գործի վերաբացման ուղղությամբ մեծ աշխատանք է կատարել ՌԴ-ից Երևան վերադարձած տուժող Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը: Նա մասնակցելու է դատական նիստերին:

Էդուարդը պնդում է, որ Հրանտ Գրիգորյանը 1994 թվականին սպանել է իր հորը՝ Մհեր Պողոսյանին, բայց մնացել է անպատիժ։

«Այդ ժամանակ Մանվել Գրիգորյանը մեծ իշխանություն ուներ Էջմիածնում և ամբողջ Հայաստանում։ Եղել է դիտավորյալ սպանություն Հրանտ Գրիգորյանի կողմից։ Ականատեսները միայն հիմա են նշում, որ այն ժամանակ Մանվելը բոլորին հավաքել է ու սպառնացել՝ եթե ձեն հանեք, սաղիդ կսատկացնեմ։ Արդյունքում քրեական գործը նենց են սարքում, որ Հրանտ Գրիգորյանը ուրիշ հոդվածով է նստում՝ ընդամենը երեք ամիս, որից հետո ազատ է արձակվում, հետո էլ պատգավոր դառնում»,- մեզ հետ զրույցում պատմում է Էդուրադ Պողոսյանը։

Էդուարդ Պողոսյանը այդ ժամանակ եղել է ութ տարեկան։ Հիմա շատ մանրամասներ չի կարողանում հիշել, սակայն հստակ հիշում է սպանության օրն ու դրան հաջորդած մի քանի դեպքեր։

«Հստակ չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել։ Հայրս հողատարածք է ունեցել Աղրլ(Ակնա) լճի մոտ, սեփականության իրավունքը ես չեմ տեսել ու հստակ չգիտեմ։ Հիմա, ինչքան գիտեմ, այդ տարածքում է գտնվում Մանվելի առանձնատունը, որտեղից գտան այդ տուշոնկաները։ Սպանությունից հետո՝ տարիներ անց, երբ հետ եկանք Էջմիածին, ճանապարհին տեսա մի պաստառ. «Հրանտ Գրիգորյան. ընտրե՛ք բարեգործին»։ Հրանտ Գրիգորյանը դրանից հետո պատգամավոր դարձավ»,- ասում է նա։

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հրապարակումը Մհեր Պողոսյանի սպանության մասին

Էդուարդը նաև պատմեց, որ այդ օրերին անընդմեջ տարբեր մարդիկ են եկել իրենց տուն, իր պապի հետ խոսել են, փորձել սպառնալ, բանակցել, որ բողոքը հետ վերցնի դատարանից։

«Մանվել Գրիգորյանը եկավ մեր տուն, պապիս ասաց՝ մի բան մտածի, թե չէ ընտանիքդ առանց որձ կթողեմ։ Հիշում եմ՝ մաման մեզ տանում էր դպրոց, շաբաթը մի քանի անգամ սպիտակ նիվայով, թրաշով մարդիկ էին դանդաղ գալիս մեր հետևից, ուշադիր մամային էին նայում։ Մի օր պապին մտավ սենյակ, ասեց՝ էրեխեքին վերցրո՛ւ, գնա՛։ Հետո գնաց բողոքը հետ վերցրեց։ Ես իրան հասկանում եմ լրիվ՝ վախենում էր մեր կյանքի համար»,- պատմում է Էդուարդ Պողոսյանը։

Ամուսնու սպանությունից որոշ ժամանակ անց Մհեր Պողոսյանի կինը՝ Էդուարդ Պողոսյանի մայրը, վախենալով սպառնալիքներից, մանկահասակ որդիների հետ մեկնում է Հայաստանից, հաստատվում նախ Ուզբեկստանում, ապա՝ Ռուսաստանում։ Այնտեղ էլ ապրել ու մեծացել է Էդուարդը՝ եղբայրների հետ։

Հեղափոխությունից հետո Էդուարդի մոտ հույս է արթնացել, որ հիմա հնարավոր է վերականգնել արդարությունը, որ 25 տարի անց տեղի է ունենալու արդար քննություն, և 1994-ի անարդար դատավճիռը բեկանվելու է:

Մհեր Պողոսյանի որդին՝ Էդուարդ Պողոսյանը

«Այն տարիներին Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամներն այնքան վայրենի էին իրենց պահում Էջմիածնում, որ անիմաստ էր գնալ դատարան, ցուցմունք տալ։ Հենց Մանվելին կալանավորեցին, որոշեցի, որ մեծ փոփոխություններ են լինելու։

Հետո ես մեր տանը գրություն գտա, որը ստորագրված էր այն ժամանակվա պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի կողմից։ Գրված էր, թե, իբր, իմ հայրը սպանվել է Արցախում՝ կռվի ժամանակ։ Բայց իմ հայրն իրականում չի մասնակցել պատերազմին։ Հայրս գործարար է եղել, կռվի մասնակիցներին օգնել է միայն։ Ու ամենաաբսուրդն այն է, որ թուղթը մակագրված է 1993 թվականով, սակայն իմ հայրը սպանվել է 1994 թվականին»,- ասում է նա։

Պաշտպանության նախարարի տեղակալ Աստվածատուր Պետրոսյանի գրությունը Մհեր Պողոսյանի՝ ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհվելու մասին

Փաստաբան Զարուհի Մեջլումյանը, ով ներկայացնում է Էդուարդ Պողոսյանի շահերը, նշում է, որ տեղի է ունեցել ընտրովի արդարադատություն. Հրանտ Գրիգորյանը, թերևս, ունեցել է լավ պաշտպան՝ ի դեմս Մանվել Գրիգորյանի։

«Փաստաթղթերից մեկում ես տեսա, որ քրեական գործը հարուցվել է նախկին՝ 1961 թվականի քրեական օրենսգրքի 99-րդ հոդվածով, որը ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորվալ սպանությունն է և նախատեսում է մինչև իսկ մահապատժի դատավճիռ։ Սակայն 99-րդ հոդվածը գրչի մեկ թեթև հարվածով մի քանի օրում հանկարծ փոխվել է ու դարձել զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում, որը հանգեցրել է մահվան։ Սա արդեն նախատեսում է շատ ավելի մեղմ պատժաչափ, այն է՝ 1-10 տարի ազատազրկում»,- ասում է Զարուհի Մեջլումյանը։

Դատարանը Հրանտ Գրիգորյանին դատապարտում է այդ հոդվածով ամենամեղմ՝ մեկ տարվա ազատազրկում պատժի, այն էլ՝ Մեղրիի ուղղիչ հիմնարկում՝ բաց ռեժիմով։ Զարուհի Մեջլումյանի կարծիքով, եթե Հրանտ Գրիգորյանը չլիներ Մանվել Գրիգորյանի եղբորորդին, չի բացառվում, որ նա մինչ օրս լիներ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի հինգերորոդ հարկում, որտեղ պատիժ են կրում մահապատժի, ապա ցմահ դատապարտյալները։

Էդուարդ Պողոսյանը և փաստաբան Զարուհի Մեջլումյանը

Փաստաբան Մեջլումյանը նշում է, որ հիմա ժամանակն է հետահայաց գցել և այդ տարիներին քննված գործերը վերաբացել, քանի որ «մի կողմից եղել է նման անպատժելիության մթնոլորտ յուրայինների հանդեպ, մյուս կողմից՝ վրաժխնդրություն ոչ յուրայիններից՝ ըստ կողմերի ունեցած կապերի»։

«Փաստորեն դատավորը Հրանտ Գրիգորյանին որոշում է տալ ամենամեղմ պատիժը։ Բաց ռեժիմը, իհարկե, չես համեմատի փակ ռեժիմի հետ։ Իսկ արդեն երեք ամիս պատիժը կրելուց հետո նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվում՝ լավ վարք դրսեւորելու հիմքով»,- պատմում է Զարուհի Մեջլումյանը։

Ըստ փաստաբանի՝ անհասկանալի է նաև այն հանգամանքը, որ Հրանտ Գրիգորյանը, լինելով հմուտ զինվորական, վարպետորեն տիրապետել է զենքին, սակայն, այնուամենայնիվ, նրա վրա տարածվել է զենքի հետ վարվեցողության կանոնների խախտում հոդվածը, և այդ մոտիվը որևէ կերպ չի հիմնավորվում։ «Այն էլ երկու կրակոցի պարագայում մեկը՝ կրծքավանդակին, մյուսը՝ գլխին»,- պարզաբանում է տուժողի որդին։

Աստղիկ Գաուդյան

x