Մարտի 1-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի կալանավորման դեմ վճռաբեկ բողոք կներկայացվի. պաշտպան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին շտաբի պետ, Մարտի 1-ի գործով սպանության մեջ մեղադրվող գնդապետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու դեմ բողոք կներկայացվի Վճռաբեկ դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանից։

Վերջինս նշեց, որ պատրաստվում է բողոքարկել Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, որով դատարանը գտել էր, որ Պետրոսյանի խափանման միջոց կալանավորումը պետք է մնա անփոփոխ։ Թե ինչ հիմքով է դատարանը նման եզրահանգման եկել, պաշտպանը չի կարող ասել. Վերաքննիչի որոշումը դեռ չի ստացել։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, մերժել էր Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանի բողոքը՝ խափանման միջոց կալանավորման դեմ։

Մեզ հետ զրույցում Գեղամ Պետրոսյանն ասաց, որ ներկայացրած բողոքից մեծ հույսեր չուներ. «Ես ենթադրում էի, որ իրավունքի գերակայություն պետք է լինի, առավել եւս՝ այսօրվա պայմաններում, թեկուզ եթե դա էլ չլիներ, բայց գործի փաստական տվյալներն ու ապացույցները բոլորովին այլ բանի մասին են խոսում, եւ այդ ապացույցները ներկայացվեցին դատարանին, ես մտածում էի, որ դատարանը կքննարկի, բայց չքննարկեց, եթե քննարկեր, հակառակ կարծիքի պիտի լիներ»։

x