Դատախազությունն ուսումնասիրում է «Վահագն Դավթյան» այգու վարձակալների մասին «Հետք»-ի հրապարակումը |hetq.am|

hetq.am։ Երևան քաղաքի դատախազությունն ուսումնասիրում է «Վահագն Դավթյանի» զբոսայգում տրված վարձակալությունների մասին «Հետք»-ի հրապարակումը։ Այս մասին  հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ օրեր առաջ անդրադարձել էինք «Վահագն Դավթյանի» զբոսայգում, որն ավելի հայտնի է որպես «Արաբկիր» մանկական զբոսայգի, վարձակալությամբ տրված տարածքների գործարքներին։

Վարձակալության պայմանագրերի ուսումնասիրությունից պարզել էինք, որ զբոսայգում տարածք են վարձակալել 1 քմ-ի համար տարեկան վճարելով ընդամենը 160, 270, 440, 650, իսկ առավելագույնը՝ 1600 դրամ։ Վարձակալների շարքում էին նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Մխիթարյանի եղբայրը՝ Անդրանիկ Մխիթարյանը և Աննա Ալեքսանյանը՝ Արաբկիրի դատախազի նախկին տեղակալ Ալեքսան Ալեքսանյանի դուստրը։
Այս պահին այգում տարածքներ է վարձակալում 10 տնտեսվարող։

Նրանց կեսը փաստացի ավելի մեծ տարածքներ է զբաղեցրել, երբեմն՝ մի քանի անգամ ավելի, քան նշված է վարձակալության պայմանագրերում: Հինգ վարձակալների պայմանագրերի ժամկետն ավարտվել է տարիներ առաջ։ Թեև վարձակալության պայմանագիր չի վերակնքվել՝ նրանք շարունակում են այգում գործունեություն ծավալել։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «Հետք»-ին հավաստիացրել էր, որ վերանայվելու են այգու բոլոր վարձակալների հետ կնքված պայմանագրերը։

x