Ռազմական ոստիկանությունում խփել են հիվանդ երիտասարդի գլխին |forrights.am|

forrights.am։ Մոտ մեկ տարի է, եզդի զինծառայող Յուրիկ Բրոյանը հիվանդանոցից հիվանդանոց է տեղափոխվում, հոգեբուժարանից՝ հոգեբուժարան, նրան հարցաքննում են քննիչներն ու ռազմական ոստիկանները, բայց ոչ երիտասարդին զորամասում ծեծի ենթարկելու քրեական գործով առաջընթաց կա, ոչ էլ բուժման հարցերում։

Մեկ տարում բժիշկները անգամ չեն կարողացել ստույգ ախտորոշել նրան տանջող հիվանդությունը։ Միակ ախտորոշումը, որ բժիշկները տվել են, դա այն է, որ Բրոյանը սիմուլյանտ չէ, ինչպես պնդում էին պաշտպանության նախարարության պաշտոնյաները, նրա զորամասի հրամկազմը։

Բրոյանը 20 տարեկան է, ազգությամբ՝ եզդի, Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից։ Նա դպրոց չի հաճախել, գրել-կարդալ չգիտի: Ըստ նրա մայրիկի՝ Մարինե Բրոյանի, երիտասարդը մանկուց հոգեկան խնդիրներ ունի, հաղորդակցման բարդություններ, ինքնավնասման հակում, պարբերաբար ցնցումների մեջ է ընկնում՝ հիվանդագին վիճակներ, որոնք բանակում ավելի արտահայտիչ են դարձել:

Անցյալ տարվա օգոստոսին Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը «թեթև մտավոր հետամնացություն» ախտորոշելով, Յուրիկին պիտանի է ճանաչել սահմանափակումներով ծառայության համար և զորակոչել է բանակ: Այդ օրվանից սկսվել են Յուրիկի և Մարինե Բրոյանի դեգերումները դժոխային ոլորաններով, որոնք այսօր էլ շարունակվում են:

Մարտակերտի զորամասում, որտեղ հաշվառված է շարքային Բրոյանը, նա չի կարողացել անգամ շարային քայլը յուրացնել, քանի որ ոտքերը քայլելիս թուլանում էին։
Զորամասի հրամկազմը որոշել է, որ տղան սիմուլյանտ է և տասն օրվա ծառայողին կամբատը՝ Բադ մականունով դաժան ծեծի է ենթարկել, որից հետո երիտասարդը հայտնվել է Ստեփանակերտի հոգեբուժարանում:

Այնուհետեև դաժանաբար ծեծված վիճակում, եզդի զինծառայողին մի քանի օր պահել են զորամասի «կապտյորկայում»։

Մոր բողոքների հիման վրա ի վերջո քրեական գործ հարուցվեց ծեծի փաստով, սակայն նախաքննությունը ծեծի գործով դանդաղ է ընթանում, քանի որ դրանով զբաղվում է Արցախի քննչականը, իսկ Յուրիկ Բրոյանը այս մեկ տարվա ընթացքում գտնվում էր ռազմական ոստիկանությունում կամ հետազոտվում էր բուժհաստատություններում։
«Լրագրողներ արվա հանուն մարդու իրավուքնների» կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանը հասավ նրան, որ վերջապես որոշվեց գործով առերեսումները անցկացնել Երևանում և որ առերեսվողները գան Նուբարաշենի հոգեբուժարան, որտեղ ներկայում պահվում է ու բուժում է ստանում երիտասարդը։

Հունիսի 27-ին առաջին առերեսումն է եղել Յուրիկ Բրոյանի և նրան ծեծի ենթարկած Արմեն Հարությունյանի՝ Բադի միջև։ Հայտնի է, որ առերեսման ժամանակ կոմբատը հրաժարվել է Բադ մականունից, ասելով, որ ինքը նման մականուն չունի։ Նա ասել է նաև, որ չի ճանաչում Յուրիկ Բրոյանին։ Հարցին, թե ինչու է Բրոյանը հենց Հարությունյանին մատնանշում որպես իրեն ծեծող, վերջինս պատաասխանել է, որ ինքը խստապահանջ սպա է։

Ըստ Հայարփի Սարգսյանի, Բրոյանը առերեսման ժամանակ գիտակից վարք էր դրսևորում: ՙՙՆա հասկանում էր, ինչ է կատարվում, հիշում էր, թե ինչ է իր հետ կատարվել։ Առերեսման ժամանակ նա պնդեց, որ Հարությունյանն է իրեն ծեծի ենթարկել», — պատմում է Հայարփի Սարգսյանը։

Քննիչները Բրոյանի հետ առերեսման են բերել նաև երկու ռուս զինծառայողների, որոնց սակայն երիտասարդը չի ճանաչել։ Ավելի վաղ Բրոյանը հայտնել էր, որ իրեն զորամասի ՙՙկապտյորկայում՚՚ վիրավոր, կապտուկներով երկու-երեք օր պահել են ռուսախոս տղաներ, որոնք ենթադրաբար, ռուսախոս հայեր են: Մարտակերտի զորամասում մեծ թվով Ռուսաստանից եկած հայեր են ծառայում: Տարրական տեղեկությունը, թե ով է զորամասի զինծառայողներից պահել Բրոյանին անազատության մեջ, քննիչներին պարզել չի հաջողվում:

Հունիսից Յուրիկ Բրոյանը Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման կենտրոնում է, դեղորայքային բուժում է ստանում, սակայն նրա վիճակը չի փոխվում:

 

Ավելին՝ forrights.am-ում

x