Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի բողոքը մակագրվել է այլ դատավորի |armtimes.com|

armtimes.com: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձռնմխելիության հիմքով քրեական հետապնդումը չդադարեցնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի կողմից բերված բողոքը կքննի Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը:

Մեր հարցին ի պատասխան ասաց Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ նիստի օրը նշանակվել է օգոստոսին:

Հիշեցնենք, որ պաշտպանի բողոքը մակագրվել էր Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունուն, որը սակայն ինքնաբացարկ էր հայտնել՝ այդպիսով բավարարելով Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանի միջնորդությունը:

2018թ. օգոստոսի 13-ին վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի որոշմամբ Քոչարյանը անձեռնմխելիության հիմքով կալանքից ազատ էր արձակվել, ինչից հետո Հովհաննես Խուդոյանը դիմել էր վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով այդ հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել։ Քննիչը մերժել էր պաշտպանի միջնորդությունն, ինչից հետո նա դիմել էր առաջին ատյանի դատարան։ Դատարանը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, ապրիլի 12-ին մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անձեռնմխելիութան հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը։ Այս որոշումը Խուդոյանը բողոքարկել է Վերաքննիչ քրեական դատարանում:

x