{ՉՀԱՍՏԱՏՎԱԾ} Ըստ աղբյուրների՝ Մարտի 1-ի գործով հարցաքննվել է Աղվան Հովսեփյանը |azatutyun.am|

azatutyun.am։ «Ազատության» տեղեկություններով, 2008-ի Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել է 2008-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը։ Գործը քննող ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց այս տեղեկությունը, իսկ Հովսեփյանի փաստաբանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այն։

Հիշեցնենք՝ արյունալի իրադարձություններից օրեր անց՝ 2008-ի մարտի 7-ին, Աղվան Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմության առաջնորդները «մարդկանց նկատմամբ իրականացրել են հոգեբանական դիվերսիա»։

Այդ ժամանակվա գլխավոր դատախազի գնահատմամբ. «Իրականացվել է հոգեբանական դիվերսիա ժողովրդի այն զանգվածի նկատմամբ, որոնք ներկայացել են հանրահավաքին, որոնց վրա հենվելով պիտի որ իրականացնեին ողջ այդ հանցավոր գործունեությունը: Հոգեբանական դիվերսիայի ընթացքում օգտագործել են բոլոր տեսակի հոգեբանական հնարքները: Օգտագործել են բոլոր տեսակի ստի մեխանիզմները: Սուտ, որի վրա կառուցված է եղել հենց այդ նպատակով հոգեբանական զանգվածային հոգեխանգարմունքի վիճակը»:

Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվել են նաև Հայաստանի նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը։

x