ԳԱԱ մասնագետները Սևանա լճի վիճակը մեղմելու համար մոդել են մշակել |lragir.am|

lragir.am:  Գիտությունների ազգային ակադեմիայի մասնագետները Սևանա լճի վիճակը մեղմելու համար մոդել են մշակել ու ներկայացրել կառավարություն: Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը Lragir.am-ին ասաց, որ խոսքը սարքի մասին է, որը լճի առավել խնդրահարույց հատվածներից կարող է ջուրը ներքաշել իր մեջ, մաքրել ջրիմուռներից և մաքուր ջուրը վերադարձնել լիճ:

«Բայց մոդելը դեռ վերամշակման կարիք ունի: Մենք ճապոնական փորձն ենք վերցրել, բայց օգտագործելու ենք տեղական հնարավորություններն ու մեր գիտնականների ներուժը: Ասեմ, որ դա բավական թանկ է, մոտավոր հաշվարկով սարքի գինը մոտ 80 հազար դոլար է: Եթե սարքն իրեն արդարացնի, դա կարող է շարժական լինել, սպասարկել ամբողջ լիճը»,- ասաց նա:

Մասնագետը հաստատում է, որ «կանաչած» Սևանի ջուրը թունավոր է: Նրա խոսքով՝ կապտականաչ ջրիմուռներն արտազատում են տոքսին, որը կոչվում է միկրոցիստին: Սևանում արդեն հայտնաբերվել է միկրոցիստին:

«Այդ մկրոցիստինը ջրիմուռների մահացման դեպքում ընկնում է շրջակա միջավայր և 10 օրից ավելի պահպանում է իր կայունությունը: Այսինքն՝ 10 օր շարունակ կարող է թունավորել լիճը: Խնդիրն այն է, որ մենք արդեն բացահայտել ենք մկրոցիստինի գոյությունը լճում, բայց թե ինչպիսի քանակներ են, ցավոք, դեռ բիոքիմիական հետազոտությունները մեզ քանակական ցուցանիշներ չեն տվել, որպեսզի մենք կարողանանք վերջնական պատկեր ունենալ: Իսկ որ ցանկացած թունանյութ վտանագավոր է և մարդու, և ձկների, և կենդանիների առողջության համար, դա կասկած չի առաջացնում»,- ասաց նա:

Իսկ բնական եղանակով լճի «ծաղկման» խնդիրը լուծելու առաջնահերթ քայլը, նրա խոսքով, կեղտաջրերի մաքրման կայանների տեղադրումն է: Հետո արդեն այդ մաքրման կայաններում քիմիական, կենսաբանական մաքրում իրականացնելու հարցերը պետք է լուծվեն: «Առաջին հերթին պետք է սահմանափակել կեղտոտված հոսքաջրերի քանակը»,- հավելեց նա:

Էվելինա Ղուկասյանի խոսքով՝ լճի մակարդակի բարձրացումն ընդհանրապես լճի վիճակի բարելավման համար անհրաժեշտություն է:

«Բայց ասել, որ մի քանի սմ-ով ջրի մակարդակի բարձրացումը կկանգնեցնի ճահճակալման պրոցեսները, դա սուտ է: Եվ ջերմաստիճանի բարձրացումը, և ջրում օրգանական նյութերի առատությունը չի կարող պարզապես մի քանի սմ ավելացման դեպքում միանգամից չեզոքանալ: Բայց որ դա անհրաժեշտ պրոցես է՝ ասիճանաբար լիճը նորմալ վիճակի բերելու համար, բնականաբար այդպես է»,- ասաց նա:

Ըստ Էվելինա Ղուկասյանի՝ նախորդ տարի ևս բարձր էր լճի «ծաղկման» մակարդակը: Դա հիշեցնում էր 1964 թվականի ցուցանիշը, երբ առաջին անգամ լիճը «ծաղկել» էր, և դա լճի համար համարվում էր էֆտրոֆացման՝ ճահճացման բուռն շրջան:

«Այն, որ նախորդ տարվա մակարդակը համընկնում էր այդ բարձր ցուցանիշին, դա արդեն հիպերէֆտրոֆ վիճակ էր: Այս տարի էլ ոչ մի բանով չի զիջում նախորդ տարվա ծաղկման երևույթին և շատ ավելի վաղ է ծաղկումն սկսել և կարող է ավելի երկարատև լինել, եթե շոգերը շարունակվեն»,- նշեց մասնագետը:

Նրա խոսքով՝ խնդիրը գոյացել է տարիների ընթացքում: Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում լճում ֆոսֆատների քանակը տասնապատկվել է: Իսկ ֆոսֆորն ու ազոտն այն նյութերն են, որոնք ապահովում են ջրիմուռների բուռն ծաղկումը: Եթե տասնապատիկ անգամ աճել է դրա քանակությունը, բնականաբար, տասնապատիկ անգամ հնարավորություն է ստեղծվել ջրիմուռների աճի արագացման ու զարգացման համար: Մյուս կողմից էլ ջրի մակարդակի նվազեցումն է խնդիր հարուցում: Որքան մակարդակն իջնում է, այնքան ջրի ջերմաստիճանն արագ է բարձրացնում: Եվ այս վիճակը դրա հետևանքն է, ասում է մասնագետը:

x