ՍԴ-ն մասամբ վարույթ է ընդունել Քոչարյանի գործով դատարանի դիմումը |pastinfo.am|

pastinfo.am: Սահմանադրական դատարանը հուլիսի 8-ին աշխատակարգային որոշմամբ մասամբ վարույթ է ընդունել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումը։

Նշենք, որ վարույթ է ընդունվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի 1-ին մասի՝ Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու մասով։

Միաժամանակ ՍԴ-ն որոշել է մերժել Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը։ Մերժվել է նաեւ Սահմանադրության 56.1-րդ և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում մեկնաբանելու հարցի քննությունը։

Գործով զեկուցող է նշանակվել 7 դատավոր։ Նրանք են Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը։

Գործի քննությունը նշանակվել է օգոստոսի 20-ին։

Սահմանադրական դատարանի որոշումը հասանելի է հետեւյալ հղմամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, որոշում էր կայացրել գործը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու մասին: Դատարանը դիմել էր ՍԴ` խնդրելով քննարկել և պարզել կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 72-րդ, 73-րդ և 79-րդ հոդվածների պահանջներին: Դատարանը խնդրել էր նաեւ մեկնաբանել ՀՀ Սահմանադրության 56.1 և 57-րդ հոդվածները (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ և 141-րդ հոդվածները) ՀՀ Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների համատեքստում:

Հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը բավարարեց մեղադրող կողմի բողոքը՝ ՍԴ դիմելու եւ գործի վարույթը կասեցնելու մասին որոշման դեմ։ Այդպիսով, Վերաքննիչ դատարանը բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ գործի վարույթը կասեցնելու եւ ՍԴ ուղարկելու մասին որոշումը, եւ որոշեց գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության։

x