Ադրբեջանը տարիներ շարունակ արհամարհում է ՄԻԵԴ-ի որոշումները. ԵԽԽՎ զեկուցող |news.am|

news.am:  Բաքվում Եվրախորհրդի մոնիթորինգային առաքելության հանդիպումների եւ բանակցությունների թեմաներն ավանդական էին. մարդու իրավունքներ, դեմոկրատիային վերաբերող հարցեր, օրենքի գերակայություն: Չէր փոխվել ոչ միայն օրակարգը, այլ նաեւ հանդիպումների վայրը՝ նախագահական ադմինիստրացիա, գլխավոր դատախազություն, ՆԳՆ, Գերագույն դատարան: Այդ մասին Turan-ին եւ «Ամերիկայի ձայնը» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի մոնիթորինգային հանձնաժողովի զեկուցող Ստեֆան Շենակը:

Նա նշել է, որ հանդիպում է ունեցել ոչ միայն պաշտոնական անձանց, այլ նաեւ իրավապաշտպանների, լրագրողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հանդիպումների թեմաներից էր նաեւ քաղբանտարկյալների խնդիրը, որոնց մի մասն ազատ էր արձակվել Նովրուզի նախօրեին ներում շնորհելու վերջին որոշման շրջանակներում, նշել է Շենակը:

Ողջունելով այդ որոշումը՝ զեկուցողն ընդգծել է, որ այդ որոշմամբ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը չէր լուծվել ամբողջությամբ: Նա ափսոսանք էր հայտնել, որ նրան հնարավորություն չէին ընձեռել այցելել մի շարք քաղբանտարկյալներին՝ ներառյալ Սաիդ Դադաշբեյլիին, Աֆգան Մուխթարլիին, Սեյմուր Խազիին: «Դա առաջին դեպքն էր, երբ բանտեր այցելելու իմ դիմումը մնացել էր անպատասխան»,-ափսոսանքով նշել է Շենակը:

Հարցին՝ ինչպես է նա գնահատում Արդբեջանում ազատությունների հարցը, զեկուցողը պատասխանել է, որ դեռևս շատ գործողություններ կան անելու: Նա կոչ է արել երկրի իշխանություններին վերականգնել համագործակցությունն ու երկխոսությունը Եվրոպայի Խորհրդի հետ՝ հասկացնելով՝ որ Բաքվում տեղի ունեցած բազմաթիվ հանդիպումները կրել են ֆորմալ բնույթ:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը պետք է երկար ճանապարհ անցնի իր իրավական համակարգը կատարելագործելու համար: Դրա համար անհրաժեշտ է ընդունել Վենետիկյան հանձնաժողովի առաջարկները ընտրական օրենսդրության բարելավման, ՀԿ եւ իրավական մարմինների ոլորտներում: «Հաճախ ձեր երկրում այդպիսի առաջարկները դիտարկվում են որպես քննադատություն: Սակայն Եվրախորհրդի յուրաքանչյուր անդամ, անդամակցելով կազմակերպությանը, ստանձնում է պարտավորություններ եւ պետք է իրականացնի դրանք: Ինչպե՞ս կարելի է տարիներ շարունակ արհամարհել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները»,-շեշտել է Շենակը՝ որպես օրինակ բերելով Իլգար Մամեդովի գործը:

Զեկուցողն ամփոփել է՝ ասելով, որ պատրաստվում է ներկայացնել Ադրբեջանի հարցով մեծ զեկույց 2020 թվականի հունիսին կայանալիք ԵԽԽՎ-ի նիստի ընթացքում:

x