Կոտայքի մարզպետի դեմ դատական հայց են ներկայացրել |armtimes.com|

armtimes.com: Քաղաքացի Վեներա Գյուլինյանը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի դեմ դատական հայց է ներկայացրել: Գյուլինյանը մարզպետից պահանջում է հերքել զրպարտությունը:

Գործը մակագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեխակ Գեւորգյանին:

Նշենք, որ հունիսի 9-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում Ռոմանոս Պետրոսյանը ընտրատեղամասերից մեկում Գյուլինյանի մոտ անուններով եւ հեռախոսահամարներով ցուցակ էր հայտնաբերել։

Մարզպետը նշել էր, որ Գյուլինյանը գործող քաղաքապետ, այդ ժամանակ նաեւ քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանի վստահված անձն է եւ «Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» Աբովյանի ուսանողական խորհրդի ղեկավարը:

Պարզվում է՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը տեղյակ չէր իր դեմ ներկայացված հայցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Պետրոսյանը:

«Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ դրա մասին ու, առհասարակ, Գյուլինյանի անձն ու գործունեությունը ինձ շատ քիչ է հետաքրքրում: Ես պարզապես մեկ դրվագով եմ իր հետ առնչություն ունեցել, երբ Աբովյանի քաղաքապետի ընտրություններին մենք բոլորս ականատես եղանք այն, որ «Իմ քայլը» դաշինքի հանձնաժողովական Անի Չիլինգարյանը Վեներա Գյուլինյանի ձեռքին ցուցակ էր հայտնաբերել, որի մասին իրազեկել էր հավուր պատշաճի՝ թե՛ մեր շտաբի պետին, եւ թե; ինձ՝ որպես շտաբի անդամ: Այդ պահին, երբ ես դեռեւս ընտրատեղամասի տարածքում էի եւ լրատվամիջոցների հետ էի շփվում, զանգահարեց՝ չպատասխանեցի, ապա վերադարձա եւ տեղամասի առջեւ այդ ցուցակը նկարահանեցին, որպեսզի հանկարծ ծածկադմփոցի ականատես չլինենք: Այդ դրվագով եմ ես առնչվել այդ տիկնոջ հետ: Հայցի մասին ես առհասարակ տեղյակ չեմ ու շատ անլուրջ եմ վերաբերում այդ հարցի առկայությանը»,- ասաց Պետրոսյանը:

Հարցին՝ թե իր կարծիքով Գյուլինյանն ի՞նչն է զրպարտություն համարել, Պետրոսյանը պատասխանեց. «Ճիշտն ասած տեղեկություն չունեմ, թե տիկինն ինչ է ուզում հերքեմ կամ որտեղ է այդ զրպարտությունը, բացարձակ չեմ կարող պատկերացնել իր մտքի թռիչքը: Այս պահին ինձ շատ քիչ է հետաքրքրում տվյալ անձը, քանի որ զբաղված եմ մարզի զարգացման ծրագրերով, ինչպես նաեւ հաստատված սուբվենցիոն ծրագրերի համայնքներում բարեհաջող ներդրմամբ: 36 սուբվենցիոն ծրագիր ունենք այս պահին հաստատված: Օրերս աշխատանքային խումբ ենք կազմել, որպեսզի նաեւ հետամուտ լինենք դրանց պատշաճ կատարմանը համայնքներում եւ նաեւ մրցույթների արդյունքում բարեխիղճ իրականացմանը, որպեսզի շինարարությունը համայնքներում բարեխղճորեն իրականացնեն: Նաեւ պատրաստվում ենք «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» բիզնես ներդրումային համաժողովին, որը տեղի է ունենալու օգոստոսի 17-ին՝ Ծաղկաձորում, ինչպես նաեւ մի շարք կլոր սեղան քննարկումներ ունենք ներդրողների եւ տուրիստական ոլորտի օպերատորների, ձեռնարկությունների հետ: Հետեւում ենք ներդրումային այն ծրագրերին, որոնք այս ընթացքում հայտ են ներկայացրել մարզ գալու եւ մարզում որոշակի ծրագրեր իրականացնելու՝ Ձորաղբյուրում, Սեւաբերդում, Լենահիստում, Բջնի համայնքում: Այսօր այցելել էի նաեւ Մեղրաձոր գոլդ լեռնահարստացման կոմբինատ, մտել եմ նաեւ փակ ոսկու հանք: Շրջել եմ, աշխատողների հետ եմ շփվել՝ աշխատանքներին եմ ծանոթացել»,- մեր զրույցում ներկայացրեց մարզպետը՝ հավելելով, որ լիարժեքորեն իրականացնում են մարզի զարգացման իրենց տեսլականը:

Շառունակությունը այստեղ՝ armtimes.com:

x