ՊՎԾ-ն մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական,կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների իրական և նպատակային պահանջարկը

ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Երեկ «Իմ Քայլը» ԱԺ խմբակցության պատգամավոր, իմ գործընկեր՝ Էդգար Առաքելյանը հրապարակավ դժգոհություն հայտնեց այսօրվա կառավարության նիստի օրակարգում ներառված #2 հարցի վերաբերյալ, պնդելով թե սույն որոշմամբ կառավարությունը ավելացնում է պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների թիվը 73-ով։

Իրականում նման բան չկա և վերը նշված որոշմամբ կառավարությունն ընդամենը կատարում է մեկ այլ կառավարության որոշման պահանջ, ըստ որի կառավարությունը սահմանում է պետական մարմինների ավտոմեքենաների առավելագույն թիվը։

Հաշվի առնելով, որ տեսչական մարմինները մինչ այս պահը ձևավորման փուլում են, փաստացի իրենց կողմից օգտագործվող ավտոմեքենաների թիվը (որը ևս կրճատվել է անսարք մեքենաների դուրս գրման արդյունքում) կառավարության որոշմամբ դեռևս հաստատված չէր։ Եվ ահա, այս որոշմամբ մենք կատարում ենք կառավարության համապատասխան որոշման պահանջը և դրանով երաշխավորում ենք տեսչական մարմիններում ավտոմեքենաների ավելացման բացառումը։

Միաժամանակ ուզում եմ տեղեկացնել, որ ՊՎԾ-ն մոտ օրերս կստանա համապատասխան հանձնարարական, ըստ որի կգնահատվի պետական մարմիններում ծառայողական ավտոմեքենաների ԻՐԱԿԱՆ և նպատակային պահանջարկը, ինչպես նաև կստուգվեն Վարչապետի հանձնարարականի կատարման արդյունքները, ըստ որի պետական մարմիններում իրեն կցված ծառայողական ավտոմեքենա պետք է ունենա միայն տվյալ մարմնի ղեկավարը»։

x